«Մենք չպետք է նստենք և հույսով սպասենք՝ իշխանափոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ»
Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, Հայաստանի Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը
– Պարոն Իգիթյան, Սահմանադրական դատարանը, ինչպես և 5 տարի առաջ, այս անգամ էլ մերժեց ոչ իշխանական ուժի դիմումը, և ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անփոփոխ մնացին։ Ձեր կարծիքով՝ 5 տարին մեկ նման պրակտիկան ինչի՞ մասին է խոսում։
– Ճիշտն ասած՝ մենք որևէ փոփոխությունների հույս երբեք Սահմանադրական դատարանի հետ չէինք կապում։ Օրինակ՝ 2008թ. մենք ունեինք բավականին լուրջ ապացույցներ, և ինձ թվում է՝ սա էր պատճառը, որ Մարտի 1-ը եղավ։ Որովհետև թե՛ ապացույցների քանակն ու փաստարկների լրջությունը, թե՛ փողոցում մարդկանց հոծ բազմության գտնվելը, որը նաև հանդիսանում էր՝ որպես վկայություն տեղի ունեցած խախտումների, կեղծիքների, ինձ թվում է, այն ժամանակ կարող էր փոփոխություն լինել, բայց, ցավոք, եղավ Մարտի 1-ը, արտակարգ դրություն մտցվեց, մարդկանցից շատերը գտնվում էին կա՛մ բանտում, կա՛մ ընդհատակում և չէին կարող պատշաճ ձևով խնդիրը ներկայացնել Սահմանադրական դատարանում։
Այսօր ես հոռետես էի հենց սկզբից, որովհետև թե՛ այլ քաղաքական ուժերի արձագանքը կամ պահվածքը, թե՛ հասարակության կողմից ըմբոստությունը խիստ չէր, ապացույցների խորության մասին չեմ կարող խոսել, բայց հենց սկզբից չէի սպասում, որ ընթացք կլինի այս բողոքին։
– Եթե Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ մենաշնորհել է քաղաքական դաշտը, ընտրությունների ժամանակ ամեն անգամ մեծամասնություն է կազմում, այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հասնել իշխանության փոփոխության։
– Ինձ թվում է, որ նախ՝ ՀՀԿ-ն ինքն արդեն լուրջ խնդիրներ ունի։ Լավ, հասկացանք, իշխանությունը վերցնում են ցանկացած ձևով, կեղծիքներով, օգտագործելով վարչական ռեսուրսը և այլն, բայց Հայաստանում այնքան խնդիրներ են կուտակվել, որ այս մարդիկ, հատկապես՝ նրանք, ում միջոցով ՀՀԿ-ն իրականացնում է այս ամեն ինչը, չեն կարող Հայաստանը տանել առաջ։ Եվ մենք արդեն թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներով այնքան ենք կրիտիկական վիճակում գտնվում, որ չգիտեմ, թե Հանրապետականն ինչպես պետք է իրականացնի մեր երկրի կառավարումը։
Այսօր ՀՀԿ-ն Դաշնակցության հետ դաշինք է կնքում ընդհանուր կառավարություն ձևավորելու համար, չնայած դրա կարիքը չունի, և բոլոր եվրոպական փորձագետները զարմանում են, երբ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն ունի, բայց դիմում է կոալիցիայի։ Այսինքն՝ այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն չունի բավականին քանակով և որակով պրոֆեսիոնալ մարդիկ և փորձում է օգտագործել նաև Դաշնակցության պոտենցիալը։
– Եվ այս պայմաններում ի՞նչ կերպ կարելի է հասնել նրան, որ այլ քաղաքական ուժ գա իշխանության, և քաղաքական դաշտում էլ մրցակցություն լինի։
– Եթե Ընտրական օրենքը փոխվի և գաղափարների պայքար լինի, ժողովուրդը հնարավորություն կունենա կողմնորոշվելու և ճիշտ ձևով մասնակցելու, և նույնիսկ կաշառքի դեպքում Հանրապետական կուսակցությունը շանս չունի վերընտրվելու։ Այսինքն՝ եթե մեզ մոտ լիներ ցանկացած զարգացած երկրի օրենքը, լրիվ հնարավոր է, որ այլ քաղաքական ուժ գա իշխանության։ Բայց այս պայմաններում, այդ ռեյտինգային խայտառակ ձևով, երբ ամեն մի ընտրատարածքում ընդհանուր 100-ից ավելի մարդիկ են առաջադրված, իսկ մի կուսակցությունից՝ 10-ից ավելի, հնարավոր չէ որևէ բան պահանջել ընտրողից։
Այս համակարգով որևէ այլ քաղաքական ուժ, բացի իշխանության ղեկին գտնվող Հանրապետական կուսակցությունից, ոչ մի դեպքում հնարավոր չի, որ ունենա մեծամասնություն խորհրդարանում։ Ինչ վերաբերում է այլ ձևերին, ի վերջո, շատ բան ենք տեսել, երբ ժողովուրդն ըմբոստանում է և դուրս է գալիս փողոց, և իշխանությունը ստիպված է լինում հեռանալ, սա ես չեմ կարող բացառել, որովհետև թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում մենք դա տեսել ենք։
– ՍԴ-ում Լևոն Զուրաբյանն էլ խոսեց, որ փոփոխությունների բացակայության պայմաններում ընդվզումները, հեղափոխությունն անխուսափելի է։ Փաստորեն, եթե քաղաքակիրթ տարբերակով՝ ընտրությունների միջոցով, իշխանությունը չի փոխվում, ի վերջո, գալու ենք դրա՞ն։
– Ես չգիտեմ, թե ինչպես է այդ հարցը ներկայացրել Լևոն Զուրաբյանը։ Կարող եմ ասել, որ դա լինելու է այն ժամանակ, երբ ոչ թե ինչ-որ քաղաքական ուժ է ուղղորդելու հասարակությանը, այլ հասարակության ներսում այս ըմբոստությունը և սոցիալական ու այլ պրոբլեմներն այնքան հասունանան, որ կարող է և իշխանության հրաժարականը լինի հենց հասարակության ճնշման տակ։ Շատ դժվար է այսօր դա ասել։
Մենք չպետք է նստենք և հույսով սպասենք՝ իշխանափոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Ինձ թվում է՝ այսօր արդեն դա հնարավոր է՝ նաև լրագրողների կողմից տարբեր խայտառակ երևույթների բացահայտման և հասարակությանը տեղեկացնելու շնորհիվ։ Նաև պետք է այդ գործիքը կիրառենք։ Այսինքն՝ եթե մտածենք և սպասենք՝ ե՞րբ կփոխվի իշխանությունը, որ լավ լինի, դա հնարավոր չէ։ Ինձ թվում է՝ պետք է բոլոր դեպքերում անհատ առ անհատ և երևույթ առ երևույթ բացահայտվի և դրա մասին խոսվի, որովհետև, եթե հասարակությունը լրիվ դուրս է մնալու իշխանական պրոցեսներից, իշխանությունը վերջնականապես լկտիանալու է և արհամարհելու է ժողովրդին։
– Պարոն Իգիթյան, որոշ վերլուծաբաններ այս իրավիճակում անխուսափելի են համարում նաև արտաքին վտանգների սրացումը, կոնկրետ պատերազմի հավականությունը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։
– Պատերազմի հավանականությունը պետք չէ միայն դիտակել և պայմանավորել Ադրբեջանի ագրեսիվ, Ալիևի ոչ ռացիոնալ քաղաքական գործիչ լինելու հանգամանքով։ Պետք է դիտարկել նաև Հայաստանի ուժեղ և թույլ լինելու տեսանկյունից։ Իսկ Հայաստանի ուժը կապված է ներքին տնտեսական զարգացումների, պետության մենջմենթի հետ։ Եթե Հայաստանը գլորվելու է այս դիլետանտական կառավարման հետևանքով տնտեսական աղքատության անդունդ, իհարկե, բոլոր արտաքին ուժերը, այդ թվում՝ Ադրբեջանը, կարող են դա օգտագործել։
Այսինքն՝ եթե խոսում ենք անվտանգության մասին, եթե խոսում ենք Ադրբեջանի կողմից պատերազմի հնարավոր սրելու մասին, ապա պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը պետք է զարգանա այնքան, որ կարողանա դիմակայել և հակահարված տալ։ Խորհրդարանում և այլ ասպարեզներում առկա այս մարդկանցով զարգացումն անհնար է։