Աստծուն շինծու հրաշքներ պետք չեն
«Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն» (Ղուկ. 16.31):
«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի խմբագրությունը զրուցել է Տ. Ղազար քահանա Պետրոսյանի հետ:
-Ի՞նչ սահմանում կտաք հրաշքին:
-Հրաշքը խախտված օրինաչափության վերահաստատումն է։ Օրինակ՝ երեխան ծնվելիս անդամալույծ է, Տեր Հիսուսի կամքով սկսում է քայլել։ Շատերը սա հրաշք կհամարեն. Աստված բոլոր մարդկանց ստեղծել է քայլելու ունակությամբ, ինչն օրինաչափ է։ Այս փոքրիկի դեպքում վերականգնվեց խախտված օրինաչափությունը:
-Այն մարդկանց, ովքեր չեն հավատում հրաշքների, ինչպե՞ս կհամոզեք, որ հրաշքներ լինում են:
-Ինքս էլ չեմ հավատում հրաշքների գոյությանը: Միակ հրաշքն Աստծո գոյությունն է։
-Ինչպե՞ս են փոխվում հրաշքի վերաբերյալ մարդու պատկերացումները տարիքին և ժամանակին զուգահեռ:
-Տարիքին զուգահեռ անշուշտ ընկալումները փոխվում են. պատանի հասակում տրամաբանական միտք չունեցող մարդն ամեն հրաշքի կամ թվացյալ հրաշքի բուռն է արձագանքում: Ես միշտ հորդորում եմ հրաշքը զանազանելու համար տրամաբանել. արդյո՞ք այն ունի բացատրություն ֆիզիկական հարթության վրա: Օրինակ՝ մութ սենյակում նստած ես, և լույսի մի շող անցավ. եթե իսկույն մտածես, թե դա հրեշտակի շողն էր, բնականաբար հրաշք կհամարես, բայց եթե ֆիզիկական հարթության վրա տրամաբանես՝ հնարավոր է, որ այն ուղղակի մեքենայի շրջադարձի լույսն էր, ինչը հրաշք չէ: Աստծուն շինծու հրաշքներ պետք չեն:
-Կարելի՞ է հրաշք համարել տեխնոլոգիական զարգացումները:
-Որոշ առումով՝ այո, սակայն իրական հրաշքը մարդու գոյությունն է: Մարդը եզակի արարած է՝ ինքնուրույն աճող և բանական: Սա շատ բարդ երևույթ է, մենք տարբեր համակարգիչներ և տեխնոլոգիաներ ենք ստեղծել, բայց չենք ստեղծել այնպիսի մի բան, որն ինքնուրույն աճի և զարգանա, բանական աճ ունենա: Մարդու ուղեղը բացատրում է համակարգչի աշխատանքը, այն կարող է հասկանալ զրոների և մեկերի համակարգը, բայց տարիներ առաջ կարելի էր հրաշք համարել նույնիսկ այն, որ մի փոքրիկ տուփի միջոցով կարելի է խոսել Ամերիկայում ապրող մարդու հետ:
-Ինչո՞ւ ոմանց կյանքում հրաշքներ լինում են, իսկ ոմանց կյանքում էլ ոչինչ չի ստացվում՝ անկախ այն բանից, թե ինչքան կաղոթեն:
-Երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսը բացատրում էր, որ կա հրաշագործ հավատք և հրաշատենչ ոգի: Այս երկուսն Ավետարանում քայլում են զուգահեռ: Հրաշագործ հավատքը լինում է առանց նախապայմանների և սպասումների, օրինակ ՝ առաքյալները Հիսուսից հրաշք երբեք չեն սպասել: Հրաշագործ հավատք ունեցող մարդիկ չեն ասում, թե եթե այս բանը չլինի, իրենք Աստծուն այլևս չեն հավատա: Իսկ հրաշատենչ ոգի ունեն այն թերահավատ մարդիկ, ովքեր Հիսուսի կատարած հազարավոր հրաշքներն անտեսելով՝ խնդրում են, որ մի հրաշք գործի իրենց ներկայությամբ: Բայց, իհարկե, նրանք դրան էլ չեն հավատում:
Նելլի Թառփոշյան
qahana.am