«ԵԽԽՎ-ն դեռ շատ թանկ կվճարի սրա համար». Բահչելի
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Թուրքիային կրկին մոնիտորինգի ենթարկելու մասին որոշմանը: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բահչելին կարծիք է հայտնել, որ Թուրքիան հասել է մի շրջադարձային կետի, երբ անհրաժեշտ է բազմակողմանիորեն վերանայել Եվրոպայի հետ հարաբերությունները:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ «Եվրոպան անպատասխան չի մնա և շատ թանկ կվճարի Թուրքիային մերժելու և անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար»:
Բահչելին հրապարակել է մի գրավոր հայտարարություն, որում ԵԽԽՎ որոշումը բնութագրել է որպես Թուրքիայի վերաբերյալ կանխակալ կարծիքի և հիվանդագին դիրքորոշումների արգասիք: Նա հայտարարել է, որ այդ որոշումն անարադար ու անհիմն է, հետևաբար Թուրքիայի համար այն «առ ոչինչ է»: Բահչելին մեղադրել է Եվրոպային՝ Թուրքիայի նկատմամբ թշնամական և ազգայնամոլական վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
«Ազգայնական շարժում կուսակցությունը լիովին կաջակցի կառավարության՝ Եվրոպայի հետ հարաբերությունների վերանայման արդյունքում ընդունած որոշումներին և ձեռնարկվելիք բոլոր քայլերին», – ասել է ընդդիմադիր առաջնորդը: