Թուրքիան ցանկանում է Նախիջևանում ռազմաբազա ստեղծել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-5-ը տեղի են ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Թուրքական ԶՈՒ-ի անձնակազմն արդեն ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»:

Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այդ պլաններն են, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դրանք պաշտոնապես չեն բացահայտում: Սակայն զորավարժությունների մասին տեղեկությունից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հայտնվեց միևնույն անանուն մեկնաբանությունը, որտեղ նշվեցին այդ «պլանները»:

Նախևառաջ նշվում է, որ այդ զորավարժությունները «մեսիջ են Հայաստանին ու նրա հովանավորներին»: Երկրորդ, նշվում է, որ «անցած տարվա ապրիլյան պատերազմից առաջ և հետո Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈՒ-երն անցկացրել են համատեղ զորավարժություններ», ընդ որում, «մի շարք քաղաքական և փորձագիտական շրջաններում նշել են Թուրքիայի հատուկ դերը ադրբեջանական բանակի ապրիլյան հաջողությունների մեջ»:

Երրորդ, ընդգծվում է, որ «քանի դեռ ադրբեջանա–թուրքական ռազմական կապերը չեն գտնվում Երևանի ու Մոսկվայի միջև եղած կապերի մակարդակի վրա, անհրաժեշտ է Անկարայի ու Բաքվի միջև ստորագրել ռազմական ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, և Ադրբեջանի տարածքում, օրինակ, Նախիջևանում, ստեղծել թեկուզ մեկ թուրքական ռազմաբազա»:

Նախիջևանում թուրքական ռազմաբազա ունենալու գաղափարը վաղուց հանգիստ չի տալիս Թուրքիային: Նույնիսկ դրա իրավական հիմնավորումն են գտել: Ըստ այդմ, 1921 թ. Կարսի պայմանագիրը Թուրքիային նման իրավունք է տալիս:

Անշուշտ, այս «պնդումը» խիստ կաղում է, ընդ որում, երկու ոտքից: Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ. հոկտեմբերին մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ՍՍՀ–ների, մյուս կողմից Թուրքիայի միջև` ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ:

Նկատի ունենանք, որ պայմանագիրը սահմանել է Սովետական Միության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը: Այժմ կողմերից մեկը չկա: Ու թեև Ռուսաստանն իրեն ճանաչել է որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, բայց նախ, անկախ Ռուսաստանը չի երկարացրել Կարսի պայմանագրի ճանաչումը, երկրորդ` ներկա Ռուսաստանը Թուրքիայի հետ չունի այն սահմանը, որը եղել է պայմանագիրը կնքելիս: Այսինքն, այսօրվա դրությամբ պայմանագիրը չի կարող գործել:

Բայց եթե անգամ ենթադրենք, որ պայմանագիրը գործում է, այն Թուրքիային Նախիջևանում ռազմաբազա ունենալու իրավունք չի տալիս, այլ պարզապես սահմանում է պրոտեկտորատ: Այսինքն, Թուրքիան հանդես է գալիս որպես ռեգիոնի անվտանգության երաշխավոր: Թերևս հենց այս կետն է, որ թուրքական կողմը փորձում է շահարկել: Բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պայմանագրի կամայական ընթերցում:

Հաջորդը: Կարսի պայմանագրի երաշխավորները Թուրքիան ու Ռուսաստանն են: Այսինքն, եթե Թուրքիան ցանկանա ռազմաբազա ստեղծել, ապա առանց Ռուսաստանի համաձայնության չի կարող անել: Մյուսը: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է իր երկրում օտար երկրների ռազմաբազա տեղակայելուն: Ու քանի դեռ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև չկա համապատասխան պայմանագիր, դա հնարավոր չէ անել:

Անշուշտ, Նախիջևանում ռազմաբազա ունենալու Թուրքիայի տենչանքը խիստ հասկանալի է: Այն թույլ կտա ներկայացվածություն ունենալ Կովկասում, ավելին, ինչ-որ առումով կլեգիտիմացնի կովկասյան գործերին նրա միջամտությունը:

Ավելին, թուրքական կողմը բավականին հեռու է գնացել իր ցանկություններում և մտածում է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը, Նահանգները կցանկանա, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմաբազա ունենա Իրանին սահմանակից Նախիջևանում: Թեև այս պահին Իրանը ԱՄՆ բարեկամ երկրների շարքում չէ, բայց և Թուրքիան դրա պատվավոր հորիզոնականները չի զբաղեցնում: Հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան այլև անկանխատեսելի գործընկեր է, և նման քարտ–բլանշ ԱՄՆ–ը նրան դժվար թե տա: Ամենակարևորը` Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ներկայությանը միանշանակ դեմ կլինի Իրանը: Որքան էլ արտաքուստ Ադրբեջանն ու Թուրքիան նորմալ հարաբերություններ ունենան Իրանի հետ, այդ երկրների միջև առկա ներքին լրջագույն խնդիրները թույլ չեն տա, որ Թեհրանը նման ուղղակի սպառնալիք հանդուրժի իր սահմանների մոտ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս