Բրիտանիայի ներդրումային ընկերությունը գնել է 375 բնակիչ ունեցող գյուղը
Մեծ Բրիտանիայի Albanwise ներդրումային ընկերությունը Հյուսիսային Յորքշիրի կոմսությունում գնել է Ուեստ Հեսլերթոն գյուղը, որը մեկ տարի առաջ վաճառքի էր հանվել 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 26 միլիոն դոլար) մեկնարկային գնով: Այդ մասին գրել է The Guardian թերթը:
Գործարքի վերջնական գումարը չեն հայտնում, բայց վերլուծաբանները պնդում են, որ այն մոտ է մեկնարկայինին: Լոտը ներառել է դաստակերտ՝ ավելի քան 20 սենյակով, եւս 43 տուն, գարեջրատուն եւ ավելի քան 800 հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Գյուղում
ապրում է 375 մարդ:
150 տարվա ընթացքում գյուղի սեփականատերը եղել է Դոնեյների գերդաստանը, 2010 թվականին վախճանվել է բնակավայրի վերջին տիրուհին՝ 84-ամյա Իվ Դոնեյը: Նրա ժառանգները որոշել են վաճառել սեփականությունը:
Տեղացի բնակիչներն անհանգստացած են վարձակալության վճարի պոտենցիալ աճից, քանի որ նախկին տիրուհին երկար տարիներ այն պահում էր շատ ցածր մակարդակի վրա: Գյուղը տարեկան շուրջ 388 հազար ֆունտ եկամուտ էր բերում սեփականատիրուհուն, հաղորդել է
«Ինտերֆաքս»-ը: