«Մենք պահում ենք գոյություն չունեցող երկրի նորմեր, ո՞րն է տրամաբանությունը». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, լուծման տարբերակներն ու ծրագրերը:
Վարչապետին զեկուցվել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտը կարգավորող 997 նորմատիվ փաստաթղթերի (շինարարական նորմեր, կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ) մշակման, վերանայման և տեղայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ արդիականացվել և գործողության մեջ է դրվել 436 փաստաթուղթ, նախկին ԽՍՀՄ տարիներից դեռևս գործում է 561-ը: Կոմիտեն առանձնացրել է առաջնահերթ վերանայման և արդիականացման ենթակա 36 նորմատիվ փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է 257 մլն ՀՀ դրամ: Այդ նպատակով քայլեր են կատարվում նաև դրամաշնորհային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ արդիականացնել նորմատիվատեխնիկական դաշտը՝ ազատվելով հնացած, չօգտագործվող նորմերից: «257 մլն ՀՀ դրամ հենց այնպես չենք տալու: 25 տարի է՝ մենք անկախ պետություն ենք, 561 նորմ ԽՍՀՄ-ից ինչո՞ւ ենք պահպանում, ինչո՞ւ չենք փոխում: Մենք պահում ենք գոյություն չունեցող երկրի նորմեր, ո՞րն է տրամաբանությունը: Գույքագրեք, թե ինչն է մեզ պետք, դասակարգեք ֆինանսական աղբյուրները, դրամաշնորհային հնարավորությունները, միջազգային փորձը, որ նորմատիվային դաշտը գոնե բազիսային մակարդակով արդիականացնենք: Այս ոլորտի դրայվերը դուք եք, մշակույթ մտցնողը դուք եք», – ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է բազմաբնակարան շենքերում համատիրությունների ստեղծման հետ կապված գործընթացի մասին: Վարչապետին զեկուցվել է, որ այս ոլորտում արված վերլուծությունը վեր է հանել համատիրությունների կողմից շենքերի շահագործմանը, կանոնների պահպանմանը, համատիրությունները կառավարող ընկերությունների և բնակչության իրավունքների ու պարտականություններին առնչվող մի շարք խնդիրներ, և անհրաժեշտ է այդ հարցերն ու մեխանիզմները հստակեցնել օրենքի ուժով։ Այդ նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունների փաթեթ, որը ներկայում քննարկման փուլում է: «Կոլեկտիվ պատասխանատվությունը չաշխատող մեխանիզմ է: Համատիրության կառավարիչը պետք է լինի պրոֆեսիոնալ: Այդ պրոֆեսիոնալների մեջ պետք է լինի մրցունակություն:
Պետությունն այս ինստիտուտի կայացման մեջ չափազանց ակտիվ դերակատարություն պետք է ունենա: Մենք առավելագույնս պետք է աջակցենք, որպեսզի այդ մասնավոր կառավարիչները ծնվեն և խոշորանան: Պետք է մշակենք պետական աջակցության մեխանիզմ, որով խնդիրները լուծելուց հետո արդեն կառավարումը հանձնենք մասնավորին: Մենք խնդիրները ֆունդամենտալ լուծում ենք, ինստիտուտը տալիս ենք, այնուհետև համայնքի բնակիչը, սեփականության մասնաբաժին ունենալով, ինքը պետք է վճարի, որպեսզի խնդիրը լուծվի: Եթե այս ինստիտուտի հիմքը լավ և տրամաբանորեն ճիշտ դնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտ ենք ստանալու՝ և´ ներդրող է հայտնվելու, և´ հետաքրքիր մշակույթ է ձևավորվելու», – ասել է վարչապետը: Ընդգծելով, որ համատիրությունների ոլորտի բարեփոխումը չափազանց կարևոր է՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապարփակ լուծման տարբերակներ՝ ռեֆորմը հաջողելու համար:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կառուցապատման բնագավառի հաստատված և կանխատեսվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ. կոմիտեի հաշվարկով՝ այս տարեվերջին շինարարության ոլորտում ակնկալվում է 15 տոկոս աճ՝ ՀՆԱ-ի մեջ մոտ 1-1.5 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Անդրադառնալով ներդրողների հետ աշխատանքների կանոնակարգման հարցին՝ կոմիտեի նախագահն առաջարկել է ստեղծել կառավարման գործուն օղակ, հանձնաժողով, որը պարբերաբար կքննարկի ընթացիկ հարցերը և լուծում կտա։ Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Եթե կառավարման համակարգը չի աշխատում, այն պետք է փոխվի: Եթե մենք կանոնավոր գործող հանձնաժողովի անհրաժեշտություն ունենք, ես դեմ չեմ, որ այդ ինստիտուտը ձևավորենք, բայց ակնկալում եմ ձեզնից առաջարկություններ բոլոր նեղ տեղերի վերաբերյալ, որոնք այսօր մեր պոտենցիալ ներդրողին խանգարում են: Այդ հարթակում, բացի առօրյա հարցերից, մի քանի ամսվա աշխատանքի վիճակագրության հիման վրա կվերացնենք նաև համակարգային խանգարող խնդիրները»:
Վարչապետ Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև ՀՀ տարածքում բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման, նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրդման, գնումների գործընթացի բարելավման, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների պահպանման, շահագործման, հուսալիության բարձրացման և սեյսմիկ անվտանգության բարելավման համալիր միջոցառումների մշակման, քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունավետության բարձրացման, լիցենզավորման գործընթացի և պետական վերահսկողության խնդիրների կարգավորման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը կարևորել է այս ուղղություններով աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկությունների փաթեթ: