Բաժիններ՝

Հայաստանում կրճատվել են ոչ թե աշխատատեղերը, այլ՝ զբաղվածների թիվը. պարզաբանում է ԱՎԾ-ն

Վերջերս լրատվական դաշտի միջոցով տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ըստ ԱՎԾ տվյալների՝ 2015 թվականի համեմատ 2016-ին 66 000 աշխատատեղ է կրճատվել: Այս թեմայով «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանի հետ:

-Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը հիշատակված տվյալները:

– Աշխատանքի շուկայի վերաբերյալ վերջին՝ 2015-2016թթ. ցուցանիշները հրապարակվել են ՀՀ ԱՎԾ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ.հունվար-փետրվարին» զեկույցի «Աշխատանքի շուկայի ցուցանիշներ» խորագրով 1.4 հատվածում: Ընդ որում, 2016թ. ցուցանիշները, ինչպես նշված է հիշատակված զեկույցում, դեռևս նախնական են: Նշեմ, որ Հայաստանում աշխատաշուկայի ամբողջական պատկերը բնութագրող ցուցանիշները ստացվում են Աշխատուժի ընտրանքային հետազոտության միջոցով, ինչը տարեկան ներառում է մոտ 7 800 տնային տնտեսություն, որի շրջանակում հարցվում է 15-ից ներառյալ 75 տարեկան առկա բնակչությունը, իսկ հետազոտության պահին երեք ամիս և ավելի տևողությամբ բացակայողները հետազոտության մեջ չեն ներառվում:

Ըստ այդ զեկույցում զետեղված ցուցանիշների, տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կամ՝ երկրի աշխատուժը, 2016թ. կազմել է 1 227 600 մարդ, որից զբաղվածների թվաքանակի ցուցանիշը կազմել է 1 006 200 մարդ, իսկ գործազուրկների թվաքանակը՝ 221 500 մարդ: 2016թ. զբաղվածների թվաքանակը 2015թ. համեմատ կրճատվել է 66 400 մարդով, իսկ գործա­զուրկներինը՝ 22 200 մարդով:

Այսինքն, ստացվում է, որ անգամ Ձեր կողմից նշված նախնական տվյալներով, միևնույնն է, մեկ տարում 66 400 աշխատատեղ է կրճատվել Հայաստանում:

– Իհարկե՝ ոչ: Ցուցանիշը կոչվում է «զբաղվածների թվաքանակ» և ոչ թե՝ «աշխատատեղերի քանակ»: Զբաղվածության ցուցանիշը միջազգային չափորոշիչներին համապատասխան ընդգրկում է նաև ինքնազբաղվածների և ոչ ֆորմալ հատվածում զբաղվածների գնահատականը: Հետազոտության արդյունքները ստացվում են զբաղվածների և ոչ թե կոնկրետ աշխատատեղերի ցուցանիշների վերաբերյալ: Դրանց մեջ տարբերություն կա, հատկապես Հայաստանում, որին, ի տարբերություն տնտեսապես զարգացած երկրների, բնորոշ է բարձր սեզոնայնությամբ բնատնտեսական գյուղատնտեսությունը:

Հայաստանում զբաղվածների մեկ երրորդը բաժին է ընկնում գյուղատնտեսության մեջ զբաղված գյուղաբնակ տնային տնտեսություններին, որոնց բացարձակ մեծամասնությունը շատ փոքր են, բնութագրվում են ցածր արտադրողականությամբ և կազմակերպա-իրավական կարգավիճակ չունեն: Նրանցից շատերը ժամանակի զգալի մասը չեն էլ զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով, հաճախ արտագնա աշխատանքի են մեկնում կամ զբաղվում ոչ ֆորմալ և ոչ մշտական աշխատանքներով: Ի վերջո, ինչպես ցույց է տալիս տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունեցող գյուղատնտեսությամբ անցումային երկրների փորձը, զբաղվածների թվաքանակի նվազումը կամ աճը միշտ չէ, որ հանգեցնում է աշխատատեղերի քանակի կրճատման կամ ավելացման:

Կարո՞ղ եք ավելի մատչելի օրինակով բացատրել:

– Օրինակ, ենթադրենք հինգ անձից բաղկացած գյուղաբնակ տնային տնտեսությունն ունի այգի և 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք համապատասխանաբար մշակելու և պահելու համար լրիվ արդյունավետությամբ աշխատելու դեպքում անհրաժեշտ է երկու-երեք ինքնազբաղված: 2015թ. այդ ընտանիքի բոլոր անդամները զբաղված էին այգեգործությամբ և անասնաբուծությամբ: Կրկին ենթադրենք՝ այդ ընտանիքի երկու անդամները 2016թ. մեկնել են սեզոնային արտագնա աշխատանքի: Այդ դեպքում ստացվում է, որ նույն այգով և նույն անասնագլխաքանակով 2016թ. արդեն զբաղվել են ոչ թե հինգ, այլ ընտանիքի երեք անդամներով, գուցե և ստեղծելով նույն արդյունքը: Դա նշանակում է, որ տվյալ պարագայում աշխատատեղերի կրճատման մասին պետք է վերապահումով խոսել, քանի որ իրականում նվազել է զբաղվածների թվաքանակը:

Այսինքն, կարելի է ասել, որ այդ 66 հազարի մեկ երրորդը գյուղատնտեսության մեջ զբաղվածնե՞ր են եղել:

– Ըստ 2016թ. հետազոտության նախնական արդյունքների զբաղվածության ցուցանիշի 66400 մարդով նվազման 62 տոկոսն արձանագրվել է հենց գյուղատնտեսության ոլորտում, իսկ 19 տոկոսով էլ՝ շինարարության ոլորտում, 10 տոկոսով էլ՝ պետական ապարատում: Իսկ արդյունաբերությունում,  օրինակ, թեև քիչ՝ ընդամենը 1 տոկոսով, բայց ավելացել է զբաղվածների թվաքանակը:  Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ ինչպես նշված է զեկույցում, այս ցուցանիշները նախնական են, քանի որ ծրագրային ստուգաճշտման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Վիճակագրական աշխատանքների ծրագրով դրանց ամփոփման ավարտը նախատեսված է սեպտեմբերին:

Ձեր ներկայացրած վերջին թվերից կարելի՞ է ենթադրել, որ 2016թ. էապես աճել է արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակը:

–Ինչպես ցույց են տալիս Աշխատուժի հետազոտության արդյունքները, վերջին երկու տարում արտագնա աշխատանքի գործոնն, իրոք, ակտիվացել է:

Իսկ որո՞նք են այդ երևույթի պատճառները. միգուցե 2015 թվականից ԵԱՏՄ-ին անդամակցությամբ կամ այլ պատճառներո՞վ է դա պայմանավորված, իսկ պետական ապարատում աշխատատեղերը նվազե՞լ են կառավարության կողմից իրականացվող ծախսերի արդյունավետության բարձրացմա՞ն պատճառով:

– Պատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող.արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակը կարող է ավելանալ ոչ միայն ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված աշխատուժի հեշտացված տեղաշարժով, այլև 2015թ. համեմատ Ռուսաստանի տնտեսության ավելի բարվոք վիճակով և իրավիճակի կայունացմամբ, դրան հետևող ճոճանակային միգրացիայի ուժեղացմամբ և այլ գործոններով:

Պետական ապարատի վերաբերյալ Ձեր նշած գործոնը ևս առկա է, սակայն կարող են լինել նաև այլ պատճառներ: Դրանց վերաբերյալ գնահատականներ ունենալու համար անհրաժեշտ են հատուկ հետազոտություններ, իսկ մեր քննարկած գնահ ատականները նախնական են:

Կարող եմ միայն ավելացնել, որ արտագնա աշխատանքի գործոնը կարող է պատճառ լինել ոչ միայն զբաղվածների, այլ նաև գործազուրկների ու տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թվաքանակների կրճատման համար, քանի որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, աշխատաշուկաների միջազգային մրցակցությունը երբեմն հանգեցնում է բնակչության բոլոր խմբերի վարքագծի փոփոխության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս