«Էրդողանն այս նամակը հետագայում կօգտագործի՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի». Հակոբ Չաքրյան
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ ապրիլի 24-ի հայտարարությանը, ասաց, որ դա արվեց՝ ցույց տալու համար, թե Թուրքիան դեմոկրատական երկիր է. «Էրդողանին քննադատում էին հանրաքվեից հետո, մեղադրում էին բռնատիրության մեջ, և նա փորձեց մեղմել իր հասցեին հնչած մեղադրանքները։ Նաև փորձեց հակակշռել Թրամփի ուղերձը, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Թուրքիան ևս պետք է նախաձեռնություն հանդես բերի, ոչ թե այդ գործընթացից օտարվի»։
Հիշեցնենք, որ իր ուղերձում Էրդողանը, խուսափելով պատմական փաստերն արձանագրելուց, խոսել է միայն «Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերի մասին»` ցավակցություն հայտնելով նրանց թոռներին: Ուղերձի հետագա շարադրանքում Թուրքիայի նախագահը կարևորել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով, թե հայերը «ինչպես երեկ, այնպես էլ այսօր երկրի հավասար ու ազատ քաղաքացիներն են, կարևոր դեր են կատարում հասարակական, քաղաքական ու առևտրային կյանքում»:
Ուղերձում Էրդողանը հայտնել է, թե իրենք առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու են աշխատանքները` «ուղղված Օսմանյան հայերի հիշողությանն ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն»:
Թուրքագետի խոսքով՝ Էրդողանն այս նամակը հետագայում կօգտագործի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալման դեմ. «Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում չի հրաժարվել իր որդեգրած ժխտողական քաղաքականությունից։ Թուրքիայում հակահայ դրսևորումները շատ բարձր են, օրինակ՝ 2007-ի հարցումներով՝ բնակչության 78%-ը հայ հարևան չի ուզում՝ առանց ճանաչելու հայերին։ Այդ առումով, եթե նրանք լսում են Էրդողանի ուղերձում, որ որևէ հայի օտարում Թուրքիայից չեն հանդուրժելու, գուցե հայերի նկատմամբ այդ բացասական վերաբերմունքը որոշ չափով կարող է մեղմվել։ Էրդողանը շատ տպավորիչ ասաց, որ չեն հանդուրժելու, բայց չեմ կարծում, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը փոխվի»։