Լեհ հնագետները կնկարահանեն Մեծամորի հնավայրի տարածքը
Լեհ հնագետները Մեծամոր հնավայրում, մասնավորապես միջնաբերդում, պեղված քաղաքային թաղամասում, բլրի հարավարևելյան լանջին և դամբարանադաշտում նկարահանում-սկանավորում կիրականացնեն: ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով, այն հատվածում, որտեղ պեղումներ դեռ չեն արվել, այդ նկարահանումների շնորհիվ կարելի է որոշակի տեղեկատվություն ստանալ ստորգետնյա կառույցների մասին։
«Այս աշխատանքները մեզ հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ գործել կոնկրետ տարածքում և եզրակացնել, թե մոտավորապես հնավայրի որ հատվածում կարող են կառույցների մնացորդներ պահպանված լինել։ Հենց այդ ուսումնասիրության շնորհիվ էլ 2017 թ. աշնանը Մեծամորի հայ-լեհական հնագիտական արշավախումբն ավելի արդյունավետ կաշխատի քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում»,- ասաց Փիլիպոսյանը։
Պահպանություն ծառայություն ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի արշավախմբերն աշխատում են ոչ միայն Մեծամորի հնավայրում, այլև Արտաշատում։ Ինստիտուտի երկրորդ արշավախումբն այս տարի ևս ուսումնասիրել է Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի տարածքի այն հատվածը, որտեղ 1970-ական թվականներին հայտնաբերվել էր Տրոյանոսի հայտնի լատինատառ արձանագրությունը, որտեղ խոսվում է Արտաշատ քաղաքում հռոմեական լեգեոն թողնելու մասին։ Արձան ագրությունը հրատարակված է, սակայն դրա գտնվելու վայրը մանրակրկիտ ուսումնասիրված չէ։ Փաստով հետաքրքրված են լեհ հնագետները, որովհետև եթե լեգեոնը կայանել է Արտաշատի մոտ, ապա այդ տարածքում պետք է որ պահպանված լինեին նաև կայանատեղի-ճամբարի մնացորդները։ Լեհական երկրորդ արշավախումբը վերջերս աշխատել է այդ հատվածում. հատուկ սարքերի միջոցով վերևից նկարահանել-սկանավորել է տարածքը, ինչը հնարավորություն է տվել ավելի ստույգ տեղորոշելու խնդրո առարկա կառույցի մնացորդները։