«Խոսքը Հայաստանի և հայոց ազգի ապագայի մասին է». Պյոտոր Սվիտալսկի
2017թ. հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալներով` նորածինների սեռերի համամասնության շեղումը 2011թ. համեմատ կրճատվել է ավելի քան 40 տոկոսով: Այս մասին այսօր «Երեխայի սեռի խտրականության դեմ պայքարի փաստերի վրա հիմնված նախաձեռնությունները 2015-2017թթ.» ամփոփիչ համաժողովի ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:
Նա նշեց, որ այս միջոցառման ընթացքում ամփոփելու են ծրագրի գործունեության ուղին. ճանապարհ, որն անցել են երեք տարիների ընթացքում. «Սա մի ճանապարհ է, որը չափվում է ոչ թե մետրերով կամ օրերով, այլ չափվում է կյանքերով և մարդու արժանապատվությամբ»:
Արմեն Գալստյանն ասաց, որ հասկանում էին, որ առանց սոցիալական փոփոխությունների՝ որևէ արդյունքի չեն կարող հասնել. այսօր արդեն կարող է ասել, որ այս երեք տարիների յուրաքանչյուր օր կյանք է պարգևել մի աղջկա:
«Ծրագրի իրականացման արդյունքում ավելի քան 1000 աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել` այն աղջիկները, ովքեր հավանաբար չէին ծնվելու: Ձեզ ներկայացվելիք հետազոտությունները վկայում են, որ առանց միջամտության, առանց սոցիալական այլ փոփոխությունների, որոնց մասին այսօր հնարավորություն կունենաք լսել մեր բանախոսներից, առանց մեր համատեղ ջանքերի՝ սեռի խտրականության պրակտիկան յուրաքանչյուր տարի 1400-2000 աղջիկ երեխայի կյանքի հնարավորություն էր խլելու:
Հիշեցնեմ Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալները: Առանց այս արատավոր երևույթի կանխարգելման, մինչև 2050թ. Հայաստանում չէր ծնվելու ավելի քան 80 հազար երեխա միայն այն պատճառով, որ նորածինն աղջիկ էր լինելու: Երեխայի սեռի ընտրության խտրականության հետևանքով համեմատաբար խաղաղ պայմաններում մեր երկիրն առաջիկա 3 տարիներին կարող էր կորցնել ավելի շատ կյանքեր, քան ղարաբաղյան հակամարտության ամենաթեժ տարիներին միասին վերցրած` աղջիկ երեխաների կյանքեր, և միայն՝ սեռի պատճառով»,- ասաց Արմեն Գալստյանը:
Նա նշեց, որ խտրականությունն արմատից մերժելը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը սահմանադրորեն ամրագրած Հայաստանը, մարդկության հանդեպ մեծագույն հանցագործությունը` Ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը, տնտեսական և քաղաքական խորը փոխակերպումների միջով անցած մեր հասարակությունն այս երևույթի հանդեպ չէր կարող անտարբեր մնալ և չմնաց:
Արմեն Գալստյանն ասաց, որ այսօր` ծրագրի մշակումից երեք տարի անց, արդեն կարող են արձանագրել, որ ծրագիրը հասել է իր արդյունքին. «2017թ. հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալներով` նորածինների սեռերի համամասնության շեղումը 2011թ. համեմատ կրճատվել է ավելի քան 40 տոկոսով: Միևնույն ժամանակ, 2017թ. իրականացված տնային տնտեսությունների քանակական և որակական հետազոտությունները նշանակալի դրական փոփոխություններ են արձանագրում նաև այս հարցում հայաստանցիների գիտելիքներում, վերաբերմունքում և վարքագծի մեջ: Այն նույնպես կազմում է շուրջ 40 տոկոս: Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս փոփոխությունները տեղի են ունեցել հանրապետությունում վերջին երեք տարիներին ծնելիության` գրեթե անփոփոխ մակարդակի պայմաններում»: Նա նշեց, որ այս տարիների ընթացքում հաջողվել է խնդրի լուծմանը ներգրավվել հասարակության գրեթե բոլոր հիմնական հատվածներին, կարևորագույն դերակատարներին:
«Շեշտելով յուրաքանչյուրի պատասխանատվությունը, հասարակության բոլոր անդամների դերակատարության կարևորությունը խտրականության վերացման գործում` մենք միաժամանակ խուսափել ենք մեղավորներ փնտրելուց, խուսափել ենք խնդրի բեռը հղի կնոջ, բժշկի, սկեսրոջ կամ այլ դերակատարների վրա ծանրացնելուց: Հետազոտությունը փաստում է` սեռի խտրական ընտրության վրա ազդող հիմնական գործոններից մեկը սոցիալական միաջավայրն է, դրանում առկա գենդերային կարծրատիպերը, եթե կուզեք, մեր մշակույթը: Ուստի, յուրաքանչյուրս անելիք ու պատասխանատվություն ունենք այս միջավայրում մեր բաժին փոփոխությունը բերելու գործում»,- ասաց նա:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկին ասաց, որ միությունը ներդրում է կատարել ծրագրի իրականացման համար. «Խոսքը միայն գենդերային նախապաշարմունքների հաղթահարման մասին չէ, խոսքը Հայաստանի և հայոց ազգի ապագայի մասին է: Շատերը ժամանակին կարծում էին, որ աշխարհագրությունն է, որ պահպանում է պետությունը, բայց այսօր ակնհայտ է, որ հենց ժողովրդագրությունն է, որ դա անում է, և մենք հավատացած ենք, որ մենք մեծապես ցանկանում ենք նպաստել Հայաստանի զարգացմանը` որպես հինավուրց քաղաքակրթություններից մեկի և մի քաղաքակրթության, որը պայծառ ապագա ունի»:
Դեսպանն ասաց, որ թեման չափազանց կարևոր է, խոսքն առողջ ժողովրդագրական հավասարակշռության, հայ հասարակության ապագայի մասին է: Նա նշեց, որ իրենց համար կարևոր է նաև իրազեկվածության մակարդակի բարձրացումը, տեղեկատվությունը տարածվել է հասարակության տարբեր շերտերում, շատերը սկսել են մտածել այդ ուղղությամբ, շատերը փոխել են վարքն ու վերաբերմունքը:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թթ., 2008-2012թթ. Հասել է իր վտանգավոր սահամանաչափին և ժողովրդագրական լուրջ խնդիր դարձել. «2011թ. յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 114 տղա: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը հասել է 164 տղա՝ 100 աղջկա հաշվով: Այդ ցուցանիշներն առավել արտահայտիչ էին Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Ծնունդների նման սեռային տարբերության նման շարունակականությունը կարող էր ծնունդների թիվն անհամապատասխան դարձնել մոտակա կարճաժամկետ հեռանկարներում»: Նա նշեց, որ իրավիճակի շտկման նպատակով մի շարք գործողություններ են իրականացվել, հասել ենք որոշ արդյունքների, պայքարը չի ավարտվել, շարունակվում է, պահանջվում են ակտիվ քայլեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ խնդիրը կարևոր ու արդիական է, կատարվել են աշխատանքներ` ժողովրդագրական իրավիճակը հնարավորինս բարելավելու համար: Նա նշեց, որ ժողովրդագրական իրավիճակի վրա բազմաթիվ գործոններ են ազդում, բայց ամենադժվարը մտածելակերպի, մոտեցումների հետ կապված փոփոխություններն են, դրանք իսկապես շատ մեծ ջանքեր են պահանջում: Նա նշեց, որ ձեռքբերումները շատ կարևոր են. «Սա նշանակում է, որ առարկայական, ճիշտ ուղղվածության գործողությունների միջոցով հնարավոր է փոխել իրավիճակ, մոտեցումներ ու մտածելակերպ: Հետևաբար, այս աշխատանքը պետք է շարունակական լինի, պետք է կարողանալ ընդլայնել և փորձել առավելագույնի հասնել մեր բոլորի ջանքերով»: Նա նշեց, որ մեր երկիրը` որպես ծերացող հասարակություն, ժողովրդագրական իրավիճակի արմատական բարելավման հետ կապված խնդիր ունի, և այդ առումով պտղի սեռի խտրական ընտրության հետ կապված ծրագրի արդյունքները շատ կարևոր են: