Բաժիններ՝

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Գիտության փառատոն»

«Երիտասարդ կենսաբաների ասոցիացիա» հ/կ-ի և Ֆրանսիայից 2 EVS կամավորների նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ կանցկացվի «Գիտության փառատոն»:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ այն բաղկացած կլինի մի քանի մասերից:

Առաջին մասում կլինի լաբորատորիաների կարիքների գնահատում, որի շրջանակներում հարցման միջոցով կիրականացվի ՀՀ-ում գործող գիտական լաբորատորիաների սարքավորումներով հագեցվածության և կարիքների գնահատում։ Ստացված արդյունքները ներկայացվելու են միջազգային և տեղական դոնոր կազմակերպություններին։

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև ցուցահանդես, որը նախատեսվում է իրականացնել Երևանի պետական համալսարանի գրադարանի առաջին հարկում մայիսի 3-ին: Գիտական կազմակերպությունները ցուցահանդեսի ընթացքում կներկայացնեն իրենց գործունեությունը, նվաճումներն ու զարգացման ուղղությունները։ Գիտության փառատոնը հնարավորություն կտա ուսանողներին և երիտասարդ գիտնականներին՝ ծանոթանալ գիտական կազմակերպություններում իրականացվող աշխատանքներին և կապեր հաստատել գիտական լաբորատորիաների հետ:

Միջոցառման երրորդ մասը կկոչվի «Գիտությունը՝ առաջին ձեռքերից»: Այս հատվածում դպրոցականների և ուսանողների համար կանցկացվեն ճանաչողական էքսկուրսիաներ Հայաստանում գործող գիտական կազմակերպություններում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս