Բաժիններ՝

Վաչե Գևորգյան. «Ես սիրում եմ իմ հողը…»

Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ ֆերմեր Վաչե Գևորգյանն այն մարդկանցից է, ովքեր գերադասում են իրենց հանապազօրյա հացը վաստակել հայրենիքում` չբռնելով պանդխտության ճանապարհը: Հպարտությամբ ասում է, որ ինքը կապված է, ավելին, կպած է մայր հողին, առանց որի չի պատկերացնում կյանքը:

… Բնիկ բայազետցի է: Նրա նախնիները Արևմտյան Հայաստանի այդ քաղաքից Արևելյան Հայաստան են գաղթել 19-րդ դարում: Ահա քանիերորդ սերունդն է, որ Գևորգյանների գերդաստանը ապրում է մայր Հայաստանում: Այսօր Վաչե Գևորգյանը Հատիս գյուղի ամենահաջողակ ֆերմերներից մեկն է, և այդ ամենին նա հասել է իր և երկու որդիների աշխատանքի շնորհիվ:

-Ամեն ինչ սկսվեց 1999 թվականի դեկտեմբերին, երբ ես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ 300 ԱՄՆ դոլար վարկ վերցրեցի: Այդ գումարը գյուղատնտեսական նպատակով եմ ծախսել՝ կով եմ գնել, անասնակեր և…. Այսօր ունեմ 50 կով, էլ չեմ խոսում ոչխարների, հավերի, հնդկահավերի մասին: Մթերքի իրացման խնդիրը լուծված է ,- պատմում է Վաչե Գևորգյանը:

Վաչեն ցավով արձանագրում է, որ Հատիս գյուղում երիտասարդների թիվը շատ է պակասել: Ոմանք քոչել են «հեշտ կյանք» փնտրելու:

Կարդացեք նաև

Շատերն են ցանկանում, որպեսզի Վաչե Գևորգյանի նման մարդկանց օրինակը, տնտեսության բնագավառում նրա հաջողությունները հայրենի ոստանը լքելու գաղափարից ետ պահեն գյուղերում մնացած երիտասարդներին:

-Ձեր ֆերմայում միայն Ձեր ընտանիքի անդամնե՞րն են աշխատում, թե՞ ուրիշ օգնողներ ունեք,- հարցնում եմ Վաչեին:

– Մեր ընտանիքի անդամներից բացի աշխատանքի ենք հրավիրել մեկ կթվորուհու և մեկ հովվի: Հիմնական ուժը մեր ընտանիքն է: Կինս, օրինակ, ով խնամում է մեր անասունները, առավոտյան 04:30-ից արդեն ոտքի վրա է: Այդ ժամանակ է սկսվում կովերի կիթը, իսկ իմ աշխատանքային օրը սկսվում է դրանից կես ժամ հետո և ավարտվում երեկոյան ժամը տասին:

-Դուք միայն անասնապահությա՞մբ եք զբաղվում:

– Ո՛չ, ունենք ավելի քան 20 հեկտար հողատարածություն, որտեղ հացահատիկ ենք ցանում: Խոտհարքներ էլ ունենք, որտեղից ձմեռվա համար անասնակեր ենք հավաքում:

Մեր զրույցի ժամանակ Վաչեի տղաները գտնվում էին դաշտում և զբաղված էին խոտ հնձելով, հավաքելով և տեղափոխելով: Տղաները լավ չարչարվում էին: Վաչեն նշեց, որ տարվա այս ժամանակաշրջանում իր տղաները աշխատում են արևածագից մայրամուտ:

Ինձ հետաքրքրեց, թե արդյո՞ք նրա կյանքում ամեն ինչ հարթ է ընթացել, դժվար պահեր չե՞ն եղել:

– Բնական է` ամեն ինչ այդքան հարթ չի եղել, ինչպես թվում է առաջին հայացքից, սակայն հողի աշխատավորը պետք է սիրի հողը, իր հոգին ներդնի աշխատանքի մեջ, նաև պատրաստ լինի բնության արհավիրքների դեմ պայքարելու: Եվ ոչ միայն բնության: Դժվարություններ եղել են, բայց մենք փորձել ենք հաղթահարել դրանք մեր նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ:

Ես սիրում եմ մեր հողը, հողի աշխատավորը պիտի բարի մարդ լինի, համբերատար, չարչարանքից չվախեցող, տոկուն: Այդպիսին է հողի աշխատավորի  «խաչը», որ մենք փորձում ենք տանել պատվով: Միակ ցանկությունս է, որ տղաներս ևս մնան Հատիսում և բազմապատկեն մեր հնարավորությունները, որպես հայրենի եզերքի նվիրյալներ՝ իրենց ուժն ու եռանդը ներդնեն մեր հայրենիքի հզորացման գործում:

Լևոն Ազրոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս