«Սա պառլամենտի նիստը չի, որ Դուք քաղաքական ելույթ ունենաք և գնահատական տաք ՍԴ-ին». Գագիկ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանին

Այսօր Սահմանադրական դատարանում սկսվեց «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. ապրիլի 9-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումը:

Նախքան գործի քննությանն անցնելը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ արգելվում է դատարանում քաղաքական որևէ ելույթ:

ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը նշեց, որ ոստիկանությունից ստացել են 1400-ից ավելի էջ բացատրություններ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ գործերի նյութերի քննությունների մասին, դրանք հասանելի են եղել թե՛ կողմերին, թե՛ ՍԴ անդամներին:

Դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս պահին ունի դեժավյուի զգացում, քանի որ 2012թ. ինքն այս նույն դահլիճում ներկայացնում էր ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին գործը:

Կարդացեք նաև

«Ցավոք սրտի, այսօր ամբողջ հանրապետությունն ունի այդ դեժավյուի զգացումը»,- ասաց Լ.Զուրաբյանը` նշելով, որ ընտրություններն ամեն անգամ կեղծվում են, ամեն անգամ ընդդիմությունը դիմում է ՍԴ և ՍԴ-ն գտնում է, որ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, կամ էլ մտացածին պատճառներով չեն քննվել փաստերը: Ըստ նրա` ամեն անգամ ժողովուրդը կորցնում է իր հույսը, ամեն անգամ իշխանությունը պարտադրում է ժողովրդին:

«Սա պառլամենտի նիստը չի, որ Դուք քաղաքական ելույթ ունենաք և գնահատական տաք ՍԴ-ին, որ մտացածին պատճառներով է որոշում կայացնում»,- Զուրաբյանին ընդհատեց Գ.Հարությունյանը: Նա կոչ արեց կոնկրետ խոսել դիմումի վերաբերյալ, ոչ թե քաղաքական ելույթ ունենալ, այլ փորձել հիմնավորել դիմումը, թե ինչու ԿԸՀ-ն պետք է կայացներ այլ որոշում, քան կայացրել է:

Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ խնդիրը համակարգային է և շատ ավելի լայն, և չի կարելի խոսել զուտ ապրիլի 2-ի ընթացակարգերի մասին: Նա վստահեցրեց, որ խոսելու է գործի էության մասին: Լ.Զուրաբյանը ապրիլի 2-ին տեղի ունեցածն անվանեց ժողովրդի կամարտահայտության կեղծում, քանի որ մարզպետարանները, դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցնեըր, պետական ձեռնարկություները, կուսակցության անդամների ձեռնարկությունները` օգտագործելով բանակը, ստեղծել են ընտրողների վրա ազդելու համակարգ, իրականացվել է հրահանգավորված ընտրողների ցուցակագրում, ընտրողներին համատարած բաժանվել է ընտրակաշառք` չափը սահմանելով 10 հազար դրամ, թեև որոշ տղերում այդ չափը խախտվել է:

Լ.Զուրաբյանի խոսքով` խախտվել է ընտրության գաղտնիությունը: Նա նշեց, որ գրեթե այս նույն փաստարկները ներկայացրել է 2012թ. գործի նյութերի քննության ժամանակ և նույնը կրկնվել է ապրիլի 2-ի ժամանակ:

Լ.Զուրաբյանն  առաջարկեց վերլուծել, թե ինչու տեսախցիկները չեն աշխատել երեկոյան ժամը 7-ից մինչև 1-ը, թե ինչու տարբերություն կա տեսախցիկներով և առանց դրանց տեղամասերում, քանի որ տեսախցիկներով տեղամասերում ՀՀԿ-ն ստացել է մոտ 48% քվե, իսկ որտեղ չկային տեսախցիկներ` 57.36%, այսինքն` տեսախցիկներ չունեցող տեղամասերում բոնուսը կազմել է մոտ 9%: Լ.Զուրաբյանը խոսեց նաև դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների, «ՍԱՍ» գրուպի հավաքի ձայանգրությունների մասին:

Զուրաբյանը դպրոցի տնօրենների քարոզը անվանեց կոպիտ խախտում և համեմատեց ԱՄՆ-ում առկա արգելքի հետ, որ դասախոսների և ուսանողների միջև սեռական հարաբերությունն է արգելում, քանի որ դասախոսը կարող է օգտագործել իր ազդեցությունը:

«ԿԸՀ-ն և ոստիկանությունն ուղղակի պարտակել են հանցագործությունը և թողել այն առանց որևէ իրավական հետևանքների»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս