Բաժիններ՝

Փրկված ձեռագրեր. Մշո Ս. Կարապետի կիլիկյան ավետարանը

Մեծ եղեռնի ժամանակ Մշո Ս. Կարապետ վանքից հրաշքով փրկված ամենահայտնի ձեռագրերից է 13-րդ դարին պատկանող մագաղաթյա նկարազարդ, արծաթակազմ Կլիկյան Ավետարանը: Ցավոք, ձեռագիրը չի բովանդակում տեղեկություններ գրչի, ծաղկողի, գրչության թվականի և գրչության հստակ վայրի վերաբերյալ։ Ավետարանն ընդօրինակված է համաչափ և գեղեցիկ կիլիկյան բոլորգրով, ունի չորս ավետարանիչների պատկերները, խորաններ, կիսախորաններ, բազմաթիվ լուսանցազարդեր ու զարդագրեր:

Տերունական պատկերները վեցն են՝ Ավետում, Ընծայում տաճարին, Ոտնլվա, Աղքատ Ղազարոսի հարությունը, Դժոխքի ավերում, Հոգեգալուստ: Նկարազարդումը կատարված է վառ, երփներանգ գույներով, իսկ էջերին դրոշմված ոսկին վկայում է Կիլիկիայի արքայական հարստությունների մասին: Տերունական պատկերներից մեզ են նայում արտասովոր վարսահարդարանքով, գեղեցիկ զգեստներով և նրբին ու խոսուն դիմագծերով ավետարանական կերպարներ: Ակնհայտ է, որ մանրանկարները պատկանում են մի հմուտ նկարչի վրձնին. Ռոսլի՞նն է արդյոք, թե՞ մանրանկարչության արքային իր վարպետությամբ չզիջող մեզ անհայտ մի ծաղկող։ Ձեռագիրը բավական վաղ է նվիրվել Մշո Ս. Կարապետին:

1368թ. մշեցի Դավիթ երեցը 200 դահեկանով գնում է Ավետարանը՝ ազատելով այն այլազգիների ձեռքից և վերստին հանձնում Ս. Կարապետին: Այնտեղ էլ 1496թ. պատրաստվել է արծաթյա կրկնակազմը` իր գեղեցկությամբ ներդաշնակ ձեռագրի նկարազարդմանը։ Կազմի Ա փեղկի վերին հատվածում պատկերված է Հիսուս Փրկիչը` քերովբեական աթոռին բազմած, միջին հատվածում Տիրամայրն է, կողքերին՝ առաքյալները, իսկ ներքևի հատվածում` Կարապետ աբեղա Բաղիշեցին։ Կազմի փորագիր արձանագրությունները մեզ են ավանդում կազմը պատրաստողների անունները. արծաթ նվիրողը վանքի Մելքիսեթ եպիսկոպոսն է, պատկերներ գծագրողը` Կարապետ աբեղա Բաղիշեցին, իսկ արծաթագործ վարպետները ոսկերիչներ Սքանդարն ու Շահղուբաթն են: Վարպետները Քրիստոսի պատկերի կողքերին փորագրել են «Տէր Աստուած Հիսուս Քրիստոս, որ նստիս ի քերովբեական աթոռ, ողորմեայ քո արարածոցս»:

Ձեռագիրն արժեքավոր է նաև պատմական տեղեկություններ բովանդակող հիշատակարաններով: Սրանցից իմանում ենք, որ 1654թ. Արիստակես եպիսկոպոսի նախաձեռնությամբ նորոգվում են վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու գմբեթները, վանքի պարիսպը, աղբյուրը, երկաթապատ դռները, տնտեստունը, վանականների խցերը: 1706թ. վանքում կատարվել են նորոգչական աշխատանքներ, իսկ 1787թ. Աստվածատուր եպիսկոպոսը կառուցում է վանքի զանգակատունը:

Այս Ավետարանը երկար տարիներ պահվել է Ս. Կարապետում` ի վայելումն վանքի աղոթասեր միաբանների, բարեպաշտ ուխտավորների և նվիրյալ հայագետների։ Մեծ Եղեռնի ժամանակ վանահոր կարգադրությամբ լուսարարն ու ուսուցիչը՝ Հակոբ Ստեփանյանը, վանքի սրբությունները պահում է թաքստոցում: 191 թ. Հայոց Գևորգ Ե Սուրենյանց հայրապետի պատգամով Մուշ ուղարկված հանձնախումբը բացում է Ս. Կարապետ վանքի անվնաս մնացած թաքստոցը: Այս մեծարժեք գրչագիրը, ի շարս այլ ձեռագրերի, սրբազան զգեստների ու եկեղեցական սպասքի, դուրս է բերվում և տեղափոխվում Ս. Էջմիածին, հետագայում՝ Մաշտոցի անվան Մատենադարան (ձեռ. 9422):
Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆ
Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտաշխատող, Պատմ. գիտ. թեկնածու
«Շողակն» երկշաբաթաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս