«Հուլիսյան իրադարձությունների ընթացքում արձանագրվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ»
«Հուլիսի 17-ին տեղի ունեցավ բնույթով աննախադեպ իրադարձություն, որը խնդրահարույց էր մարդու իրավունքների տեսանկյունից։ Հուլիսյան իրադարձությունների ընթացքում արձանագրվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Մասնավորապես, Ոստիկանության կողմից թույլ տրվեցին հավաքից ապօրինի բերման ենթարկելու դեպքեր, արձանագրվեցին բռնություններ, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու ակնհայտ դեպքեր, բռնություններ։ Տեղի ունեցավ ատելությամբ և բռնության քարոզչության ակնհայտ բռնկում, կյանքից զրկվեց Ոստիկանության երեք ծառայող, եղան վիրավորներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:
Արման Թաթոյանն ասաց, որ կատարվել են փաստահավաք աշխատանքներ, կազմվել են քարտեզներ՝ ըստ Ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, անցկացվել են անանուն հարցումներ լրագրողների, հատուկ միջոցառումների արդյունքում վնասներ կրած քաղաքացիների շրջանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բերման ենթարկված անձանց հետ։ Զեկույցը բաղկացած է 4 բաժիններից, որոնք վերաբերում են խաղաղ հավաքների իրավունքին, անձի անձնական ազատության իրավունքին և այդ իրավունքների սահմանափակման երաշխիքներին, հավաքների մասնակիցների նկատմամբ վերաբերմունքին և հատուկ միջոցների կիրառմանը, ինչպես նաև արտահայտվելու ազատությանը։
Ըստ Արման Թաթոյանի՝ Ոստիկանության կողմից խախտումներ սկսել են արձանագրվել արդեն հուլիսի 17-ին։ Ոստիկանության ծառայողները մարդկանց բերման էին ենթարկում՝ առանց որևէ պարզաբանում տալու։ Զեկույցում վերլուծվում է, որ բերման ենթարկելն իրականացվում էր նույնիսկ պատահականության սկզբունքով, որովհետև պարզ չէր, թե ինչն էր անձանց այդ հիմքով բերման ենթարկելու տրամաբանությունը։ «Պարզապես ընտրողաբար էր իրականացվում, ինչը հնարավորություն է տվել զեկույցում ավելի կոշտ լինել և նշել, որ դրանք, ըստ էության, հավաքը կանխելու նպատակ էին հետապնդում։ Պետք է ասեմ,, որ Ոստիկանության այս խախտումներն անընդունելի էին նաև այն իմաստով, որ առանց այդ էլ երկրում ստեղծված լարված իրավիճակում զգալիորեն նպաստեց լարվածության աճին»,- ասաց Արման Թաթոյանը։
Ըստ նրա՝ չէր պահպանվում նաև ազատության կանխավարկածը, որը պահանջում է, որ Ոստիկանության բաժին բերման ենթարկված ցանկացած անձ օժտված լինի կոնկրետ իրավունքներով, սակայն բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Ոստիկանությունը չի ապահովել այդ պահանջները։ Արման Թաթոյանի խոսքով՝ զեկույցում քննարկվել է նաև բերման ենթարկելու ձևը։ Նա նշեց, որ հատկապես անթույլատրելի էին զանգվածային բերման ենթարկելու դեպքերը. կանոնը պետք է լինի հավաքը թույլատրելը, իսկ բացառությունը՝ այդ իրավիճակում այնպիսի գործողություններ կատարելը, որոնք մարդկանց չզրկեն խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքից։
«Ուզում եմ հատուկ նշել, որ Ոստիկանության ծառայողների հետ քննարկումները, նաև մեր առանձնազրույցները ցույց տվեցին, որ Ոստիկանության ծառայողներն ակնհայտորեն չեն տիրապետում իրենց պարտականություններին։ Այդ իմաստով զեկույցում առաջարկ է արվում, որ Ոստիկանության կրթահամալիրի դասընթացների կազմում պետք է անհապաղ փոփոխություններ կատարվեն, ներդրվեն հատուկ դասընթացներ, որովհետև Ոստիկանության ծառայողը, հատկապես այն ծառայողը, ով շփվում է քաղաքացու հետ, պետք է սպառիչ տիրապետի իր պարտականությունների շրջանակին և անձին ազատ արձակելու հետ կապված իր լիազորություններին։ Հայաստանում պետք է գործի ազատության կանխավարկածը։ Սա կարևորագույն նշանակություն ունի։ Հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ազատության կանխավարկածը բացակայում էր»,- ասաց Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ խախտում թույլ տված ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի նմանատիպ դեպքերը հետագայում կանխարգելելի լինեն։
Արման Թաթոյանը թվարկեց նաև այն մյուս խախտումները, որոնք այդ օրերին թույլ են տրվել Ոստիկանության կողմից, այդ թվում՝ հիմքերի մասին անհապաղ տեղեկացվելու, բժշկական զննման ենթարկվելու իրավունքների խախտումները։ ՄԻՊ-ի խոսքով՝ հուլիսյան իրադարձությունների ընթացքում արձանագրվեցին նաև բռնության դեպքեր, ինչը նպաստեց լարվածությանը։ Միևնույն ժամանակ, Արման Թաթոյանն ասաց, որ այդ օրերին շարունակվում էր զենքով հարցեր լուծելու քարոզչությունը սոցիալական ցանցերում, ինչն անթույլատրելի է. սրան, ըստ ՄԻՊ-ի, զգալիորեն նպաստել է նաև Ոստիկանության վարքագիծը։ «Զեկույցում խիստ գնահատականներ են տրված մարդկանց Ոստիկանության զորամասեր բերման ենթարկելուն»,- ասաց Արման Թաթոյանը։ Կարևորվել է նաև քաղաքացիական հագուստով անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, ովքեր, ըստ հրապարակային աղբյուրների, եղել են դեղահաբեր օգտագործած վիճակում. քննությունը պետք է պարզի այդ հարցը։
Արման Թաթոյանը խոսեց նաև հատուկ միջոցների կիրառման մասին՝ նշելով, որ դրանք անհամաչափ են եղել։ Նա նշեց, որ հուլիսյան իրադարձությունների ընթացքում տուժել են մի շարք լրագրողներ, նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել. «Ակնհայտ էր, որ լրագրողների նկատմամբ բռնությունները թիրախավորված բնույթ են կրել։ Խախտումների վերլուծությունները, նաև մեր անցկացրած անանուն հարցումները վկայում են, որ լրագրողներն առանձնացվել են՝ որպես թիրախային խումբ, ինչը խտրականության հարց է առաջացնում»։ Արման Թաթոյանն ասաց, որ լրագրողների նկատմամբ բռնությունները նրանց պատժելու նպատակ են ունեցել, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ լրագրողի նկատմամբ հետապնդումը շարունակվել է նաև այն դեպքում, երբ լրագրողը դադարեցրել է իր աշխատանքը բռնությունների պատճառով, լրագրողները թիրախ են հատուկ միջոցների գործադրման տեսանկյունից։
Հարցին՝ ինչի՞ արդյունք էին այս խախտումները, Արման Թաթոյանը պատասխանեց, որ Ոստիկանությունն էլ աննախադեպ իրավիճակում էր, կարելի է ասել՝ նաև շփոթված, քանի որ հարձակում էր տեղի ունեցել Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, որն ամենաշատ զինամթերքն է պարունակում։ «Մի կողմից՝ Ոստիկանությունը պարզապես պարտավոր էր ապահովել հասարակական կարգը, ինչը մտնում է Ոստիկանության գործառույթների մեջ, բայց մյուս կողմից՝ ես կարծում եմ՝ Ոստիկանության ծառայողներն այդ իրադարձությունների ընթացքում չէին տիրապետում նաև օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներին»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ իրավիճակը լարված էր, Ոստիկանության երեք ծառայող զրկվել էր կյանքից, տեղի էին ունենում գործողություններ նաև զինված խմբի կողմից, բայց դա որևէ կերպ չէր արդարացնում Ոստիկանության խախտումները։