«Էլի էլիտային ընտրեցինք ու մյուսներին մոռացա՞նք, թե՞ Ախուրյանը ճարպիկ գտնվեց, նախարարության հետ լեզու գտավ, իր հարցն առաջ տարավ…». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Հայաստանը կարող է սերմարտադրությամբ զբաղվել, ուղղակի պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել։
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ սերմարտադրությունը լուրջ գիտություն է, և ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ինչ է հարկավոր արտադրել մեր գյուղատնտեսության համար։
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր Գյուղատնտեսության նախարարություն, որտեղ բարձրացրել էր Հայաստանի՝ սերմարտադրությամբ զբաղվելու հարցը։
«Եթե սելեկցիոն կայան ունենք, ինչո՞ւ սերմացուի արտադրություն չունենք։ Գյումրու սելեկցիոն կայանի վրա հիմնեք ՓԲԸ, որը զբաղվի սերմարտադրությամբ։ Սերմերի բիզնեսը սարքեք ուղղակի բիզնես, 400 հազար դոլար ամեն տարի ավելի մի տվեք»,- մասնավորապես ասել էր վարչապետը։
Հրաչ Բերբերյանը նկատում է՝ շատ պատասխանատու պետք է լինել սերմարտադրության հարցում.
«Մեկը վեր է կենում, ասում է՝ ես սերմով կապահովեմ, հետո տանում-ցանում ենք, ու պարզվում է, որ այդ սերմն անգամ ծլողունակ էլ չէ։ Մենք սակավահող երկիր ենք ու պետք է մշակենք թանկարժեք կուլտուրաներ. դա կլինի բանջարեղենը, որի պահանջարկն ունի ռուսական շուկան, դա կլինի կարտոֆիլը, տեխնիկական սորտերը, սոխի, սխտորի սերմերը։ Հայաստանի ներքին պահանջարկը, որը 10 հազար տոննա սոխ է, արդեն 5 հազարը մեր ֆերմերներն են աճեցնում։ Այսինքն՝ մոտ 5 հազար տոննա սոխի արտադրության տեղ ունենք, և կարելի է այս ուղղությունը զարգացնել։ Հիմա ցույց տվեք այն հայկական սոխը, որը կապահովի 100 տոննա բերք. մենք այդպիսի սորտ չունենք, մերը «Խաթունարխ» սորտն էր, որի բերքատվությունը 50 տոննայից չէր անցնում։ Նույնը՝ «Անահիտ» սորտի լոլիկը, որը մեկ հեկտարից՝ 50 տոննայից չէր անցնում, իսկ այսօր մենք ունենք սորտեր, որից մեր ֆերմերները ստանում են մինչև 180 տոննա լոլիկ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սերմերի շուկան պետք է ազատ լինի, և գյուղացին պետք է կարողանա ընտրել՝ հայկակա՞ն, թե՞ այլ տեսակի արտադրություն է ուզում։
«Մեր «Նազրվան» տեսակի վարունգը շուկայում պահանջարկ ունի՝ այն դեպքում, երբ այլ տեսակի վարունգներին իր արժեքով մի քանի անգամ գերազանցում է։ Այսինքն՝ պետք է հասկանանք՝ մեր ներքին շուկային կամ արտահանվող երկրներին ինչ է պետք։ Իսկ այսօր հույսը դնել միայն մեկ սելեկցիոն կայանի վրա, իհարկե, սխալ է։ Այո, մենք ունենք ֆերմերային ընկերություն, որը Սիսիանում սերմարտադրությամբ է զբաղվում, ինչո՞ւ միայն Գյումրու սելեկցիոն կայանի վրա հիմքը դնել։ Էլի էլիտային ընտրեցինք ու մյուսներին մոռացա՞նք, թե՞ Ախուրյանը ճարպիկ գտնվեց, նախարարության հետ լեզու գտավ, իր հարցն առաջ տարավ… Չի կարելի, չէ՞, այդպես»,- ասաց նա։
Հ. Բերբերյանը նկատում է՝ ՀՀ գյուղնախարարությունը հովանավորում է միայն իր կազմում գտնվող կառույցներին.
«Ճիշտ հասկացեք, ես ողջունում եմ վարչապետի հանձնարարականը՝ այո, Գյումրու սելեկցիոն կայանը պետք է աշխատեցնել, բայց չմոռանանք, որ դա պետական է ու էլի հոգս է դառնալու պետության վզին։ Պետք է հավասար դաշտ ստեղծել այն ընկերությունների համար, որոնք որակով սերմեր Հայաստանում կարտադրեն։ Մեր միավորումն այսօր կարտոֆիլի Ա դասի սերմ է արտադրում, և կարող ենք ռուսաստանյան շուկային ապահովել Ա դասի սերմերով։ Բայց, ցավոք սրտի, Գյուղնախարարությունը չի ցանկանում դա հովանավորել։ Եթե Գյուղնախարարությունը հովանավորում է միայն իր կառույցներին, ուրեմն՝ այդ նախարարությունը մեզ պետք չէ»։
Հ. Բերբերյանը նշեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը, առանց որևէ կառույցի հետ քննարկելու, ներկրել է 850 տոննա գարի, որը, ըստ նրա՝ ամենաէժանագին կուլտուրան է ու մեր գյուղատնտեսության հարցերը չի լուծելու.
«Իմ տեղեկություններով՝ այդ գարու հիմնական մասը պահեստներում է մնալու, որովհետև գյուղացին չի էլ ցանկանում դա մշակել։ Դրա վրա ծախսվել է մոտ 200 մլն դրամ, և եթե հանկարծ այդ գարին փչացնեն, նյութական վնասները պետք է հատուցի այն մարդը, ով դա ներկրել է։ Մենք քրեական գործ ենք հարուցելու։ Այդ 800 տոննան Հայաստանը կարող էր արտադրել, այսինքն՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք արտադրել մեր գյուղատնտեսության համար։ Ո՞վ է որոշել գյուղացու փոխարեն գարի ներկրել, այդ որոշման պատասխանատուն ո՞վ է։ Իրենք ասում են՝ կառավարությունն է որոշել, բայց կառավարությունը ոչ մի կապ չունի, ես անձամբ խոսել եմ վարչապետի խորհրդականի հետ»։