Բաժիններ՝

Մատվիենկոն ԵԱՏՄ­-ի երկրներին առաջարկել է թանգարանային նախագծեր փոխանակել

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի մասնակից երկրները պետք է ավելի սերտորեն համագործակցեն մշակույթի բնագավառում:

Մշակութային փոխանակման մեխանիզմներից մեկը կարող է դառնալ միության անդամ երկրների թանգարանների մասնաճյուղերի բացումն արտասահմանում, նշել է սենատորը, տեղեկացնում է ՏԱՍՍ­-ը:

«Այսօր Եվրոպայում աշխատում են Էրմիտաժի եւ Ռուսական թանգարանի ներկայացուցչությունները: Վստահ եմ, որ այդ փորձը հարկավոր է տարածել նաեւ Եվրասիական տարածքում: Եվ հարկ է, որ մեր գործընկերներն իրենց թանգարանների
մասնաճյուղերն ստեղծեն Ռուսաստանում»,­-ասել է խոսնակը՝ հանդես գալով Դաշնության խորհրդին առընթեր Ինտեգրացիոն ակումբի նիստում, որը նվիրված էր ԵԱՏՄ­-ի տարածքում մշակութային կապերի ընդլայնմանը:

Նա նաեւ չափազանց կարեւոր ուղղություն է համարել համատեղ ստեղծագործական նախագծերի իրականացումը: Նրա խոսքով՝ դրանցում պետք է ներգրավել մշակույթի ճանաչված գործիչներին, շնորհալի երեխաներին, տաղանդավոր երիտասարդությանը: «Հետաքրքիր գաղափար կարող էր դառնալ, ասենք, Եվրասիական երիտասարդական երգչախմբի կամ նվագախմբի ստեղծումը»,­-ասել է Մատվիենկոն:

Դրա հետ մեկտեղ սենատորը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը մշակույթի ոլորտում մասնակից երկրների փոխգործակցության հատուկ կարգավորում չի նախատեսում:

Եվրասիական տնտեսական միության կառավարման մարմինների թվում բացակայում է մշակութային ու հումանիտար համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումը, հավելել է Մատվիենկոն: «Ուստի առաջարկում եմ քննարկել Եվրասիական տնտեսական միության հիմքի վրա մասնակից երկրների հումանիտար համագործակցության եւ տարածաշրջանային բաժանմունքների խորհրդի ստեղծման
նպատակահարմարության հարցը»,­ եզրափակել է սենատորը: ԵԱՏՄ­-ի մասնակից երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս