«ՀՀ-ի և ԵՄ-ի համար շատ դժվար էր գտնել մի բանաձև, որը կբավարարեր այս իրավիճակին». Հովհանես Իգիթյան
Միջազգային փորձագետ, Հայաստանի Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դրական քայլ է որակում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։
168.am-ի հետ զրույցում Հ. Իգիթյանը նշեց, որ, իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե մնային այն փաստաթուղթը և այն պայմանները, որ եղել են մինչև 2013 թ. սեպտեմբերի 3-ը, որտեղ Հայաստանի համար ամբողջությամբ բացվում էր մի մեծ շուկա՝ 500 մլն վճարունակ սուբյեկտներով, և որտեղ Հայաստանի ցանկացած ծառայություն կամ ապրանք կարող էր մտնել, և դա մեր երկրի համար բավականին մեծ թռիչքի հնարավորություն կստեղծեր։
«ԵԱՏՄ շուկայի ծավալը 200 մլն են ասում, բայց այն ոչ կանոնակարգված է և բավականին աղքատ սուբյեկտներից է բաղկացած, որտեղ Հայաստանում արտադրված ապրանքը շատ քիչ շանս ունի մտնելու՝ հաշվի առնելով սուբյեկտների ցածր ֆինանսական հնարավորությունները։ Բոլոր դեպքերում ՀՀ-ի և ԵՄ-ի համար շատ դժվար էր գտնել մի բանաձև, որը կբավարարեր այն իրավիճակին, որում Հայաստանը գտնվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պարտավորությունների թելադրած սահմանափակումները։ Հայտնի է, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանի հարաբերությունները պետք է այս կամ այն ձևով կապված լինեն այն պայմանների հետ, որ թելադրում է ԵԱՏՄ-ն»,- ասաց Հ. Իգիթյանը։
Ըստ նրա՝ քանի որ ԵՄ-ի հետ նախաստորագրված փաստաթղթում բացակայում է նախկին համաձայնագրում ներառված տնտեսական, այսինքն՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասը, ապա այս համաձայնագիրը զուտ քաղաքական է, հիմնականում կապված է մարդու իրավունքների հետ.
«Կան նաև կետեր էներգետիկայի զարգացման մասին, սակայն դա դեկլարատիվ բնույթ է կրում։ Սրանով Հայաստանն ավելի շատ հաստատում է, որ չի հրաժարվում այն համամարդկային արժեքներից, որ առկա են քաղաքակիրթ աշխարհում՝ ի դեմս ԵՄ-ի։ Ի դեպ, մենք նույնիսկ ավելի պակաս կետեր ունենք, քան ԵՄ-ի հետ ունի Ղազախստանը, որը հասցրեց մինչև ԵԱՏՄ-ի պայմանագիրը ստորագրելը ԵՄ-ի հետ ստորագրել մի համաձայնագիր։ Եվ Ղազախստանի ղեկավարը շեշտում է, որ, եթե ԵԱՏՄ պայմանները խանգարեն Ղազախստանի պետական, ազգային շահերին, ապա նրանք կհրաժարվեն ԵԱՏՄ պայմաններից։ ՀՀ դեպքում դա չկա, հակառակն է, մենք ԵՄ-ի հետ կառուցում ենք այնպիսի պայմաններ, որոնք չեն խանգարի Հայաստանին՝ լիարժեք հարաբերվել ԵԱՏՄ-ի հետ»։