«Ճիշտ ընտրված բույրը երջանկություն է և սեր». Հայաստանում է հայտնի պարֆյումեր Ժաննա Գլադկովան
Առաջին անգամ Հայաստանում է հայտնի պարֆյումեր, ֆրանսիական ՖԻՖԻ (հայտնի մրցանակաբաշխություն պարֆյումի բնագավառում) մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, CIEL ընկերության պարֆյումերային խորհրդի նախագահ, հեղինակավոր պարֆյումեր Ժաննա Գլադկովան, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց պարֆյումի ճիշտ ընտրության և ճիշտ օգտագործման կանոնների և գաղտնիքների մասին՝ չմոռանալով նաև անդրադարձ կատարել բույրի փիլիսոփայությանը:
Ճիշտ ընտրված բույրը երջանկություն է և սեր: Սա հայտնի պարֆյումերի կարգախոսն է, ում ներշնչմամբ պերսոնալ օծանելիքներ են ստեղծվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի համար: Ժաննա Գլադկովան հիշում է՝ երկու նախագահների համար էլ օծանելիք ստեղծելու համար իրեն դիմել են նախագահների տիկնայք (Վլադիմիր Պուտինի պարագայում՝ նախագահի նախկին կինը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան):
Պարֆյումեր Ժաննա Գլադկովան նկատում է՝ ճիշտ ընտրված պարֆյումն ի զորու է հրաշքներ գործել. «Կինը խնամված է ոչ միայն իր հագուստով և դիմահարդարմամբ, այլ նաև ճիշտ ընտրված և ներկայացված օծանելիքի հետ միասին: Օծանելիքը ոչ մի պարագայում չի կարելի չարաշահել: Սա խոսում է վատ ճաշակի մասին: Երբ ասում եմ, որ պարֆյումն ի զորու է երջանկացնել այն կրողին, պատահական չէ: Կանանց ես խորհուրդ եմ տալիս ամեն օր օծանելիք ընտրել՝ հաշվի նստելով սեփական ներքին ձայնի հետ: Կանանց ներքին ձայնը հրաշքներ է գործում»:
Անդրադառնալով վերջին շրջանում տրենդ դարձած՝ կանանց կողմից հաճախ նախընտրելի տղամարդկային բույրերին՝ պարֆյումերը նկատում է. «Այստեղ արտասովոր ոչինչ չկա: Եթե կինն ունի համապատասխան կյանքի ոճ, եթե նա նախաձեռնող և որոշումներ կայացնող տեսակ է, ապա նման նախընտրությունը լիովին արդարացված է: Հիշենք նաև, որ կինը կարող է իրեն թույլ տալ կրել նույնիսկ տղամարդու կոստյում, նույնիսկ փողկապ կրել, բայց կանացի կինը բոլոր իրավիճակներում կշարունակի մնալ հավատարիմ իր բնույթին՝ լինել կանացի, ինչը ոչ մի կերպ չի կարելի ասել, օրինակ, տղամարդկանց մասին: Փորձեք պատկերացնել կանացի հագուստի ատրիբուտներ կամ կանացի օծանելիք օգտագործող տղամարդու կերպարը, և այն ձեզ հաստատ դրական զգացողություններ չի նվիրի: Չմոռանանք նաև վերջին տարիներին լայն տարածում գտած յունիսեքս օծանելիքների գոյության մասին: Պետք է նկատել, որ համաշխարհային պարֆյումի շուկայում դրանք լիովին արդարացնում են իրենց գոյությունը»:
Ժաննա Գլադկովան նկատում է՝ կանանց առավել հատուկ են ծաղկային բույրեր պարունակող օծանելիքները, տղամարդկանց համար նախընտրելի է փայտի բույրով հագեցած պարֆյումը: Այս տարվա պարֆյումերային տրենդների մասին խոսելով, սակայն, հայտնի CIEL ընկերության պարֆյումերային խորհրդի նախագահն առանձնացնում է՝ ակտուալ են թափանցիկ, պարզ և հատկապես կաթնային բույրեր պարունակող օծանելիքները: