«Այս պահին Մոսկվան ու Վաշինգտոնը չեն փորձում գնալ լուրջ առճակատման». Սերգեյ Մինասյան
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ սիրիական խնդրի համատեքստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է՝ ցույց տալ, որ ինքը Թրամփն է, ոչ թե Օբաման:
«Ապրիլի 7-ին սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումը Թրամփի վարչակազմի վճռականության ապացույցներից մեկն էր: Այդ հարվածն առաջին հերթին ուղղված էր Վաշինգտոնին, քանի որ նրա համար կարևոր էր փոխել այն կարծրատիպերը, որ ստեղծվել էին այնտեղ, թե նա չափից ավելի կապ ունի Ռուսաստանի հետ։ Սակայն, սա միակ ոլորտը չէ, որտեղ Թրամփի վարչակազմը վճռականություն է ցուցաբերում:
ԱՄՆ նախագահը վճռականություն է ցուցաբերում նաև ռուս-ամերիկյան հարաբերություններն իրատեսական հիմքերի վրա դնելու ոլորտում: Հետևելով ամերիկյան վերլուծական դաշտի որոշ մեկնաբանություններին, մենք տեսնում ենք, որ այնտեղ կարծիքներ կան, թե կարմիր գծեր գծելով՝ Թրամփը կարող է ավելի լուրջ խոսակցության արդյունավետ դաշտ ստեղծել՝ մի շարք հարցերի շուրջ հասնելով լուրջ փոխզիջումների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին Մոսկվան ու Վաշինգտոնը կարծես չեն փորձում գնալ լուրջ առճակատման։
«Իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց, համենայնդեպս, այդ պատուհանը դեռ փակված չէ։ Ինչ վերաբերում է դրա ազդեցությանը հետխորհրդային տարածքի և Արցախի հարցի վրա, ապա այս պահին մենք դեռ չենք ունենալու ինչ-որ լուրջ զարգացումներ։ Միգուցե լարվածության դեպքում ԱՄՆ-ը փորձի այդ կարմիր գծերը նաև մեր տարածաշրջանում գծել, բայց այդ աստիճանին դեռ չենք հասել»,- ասաց նա։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Իրանի՝ ԵԱՏՄ կազմում հնարավոր ներգրավման թեմային, և նշեց, որ Իրանը լուրջ դեր է խաղում Հարավային Կովկասի անվտանգության հարցում, և նրա տարածաշրջանային ակտիվացումը միայն ու միայն դրականորեն կազդի խաղաղության պահպանման, ՀՀ տնտեսական զարգացման վրա: