Բաժիններ՝

«ԿԲ հարթակում իրականացվող առաջնային աճուրդները տարվելու են բորսա». Վարդան Արամյան

«Մենք մշտապես ասել ենք, որ պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի թիրախավորենք երկարաժամկետ կայուն տնտեսական աճը։ Եվ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ կայուն տնտեսական աճ որպեսզի մենք ունենանք, բնականաբար, պետք է զուգահեռ ջանքեր գործադրենք կապիտալի շուկայի զարգացման համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ըստ նրա՝ եթե կա կապիտալի զարգացած շուկա, եթե տնտեսվարողները հայտնվում են կապիտալի շուկայում, դա նշանակում է, որ նրանք ավելի մրցունակ են, ավելի լավ են կարողանում կարգավորել իրենց կանխիկ հոսքերը, և այլն։ Վ.Արամյանը նշեց երկրորդ կարևորագույն հանգամանքը՝ եթե պարտքի շուկան, որը կապիտալի շուկայի մեկ սեգմենտն է, խորը և լիկվիդ չէ, դա կարող է խոչընդոտ հանդիսանալ կապիտալի շուկայի մնացած հատվածների զարգացման համար։

«Կենտրոնական բանկի (ԿԲ) հետ միասին ունենք ծրագիր, ջանքեր ենք գործադրելու, որ այս նպատակին հասնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին քայլն արդեն արված է ներքին պարտքի հետ կապված, մասնավորապես՝ ԿԲ հարթակում իրականացվող առաջնային աճուրդները տարվելու են բորսա, այսինքն՝ բորսային ավելի մեծ կարևորություն է տրվում, և, բնականաբար, այնտեղ կան պայմաններ, որ խթանելու են մրցակցությունը։

Վ.Արամյանի խոսքով՝ ներքին պարտքն աճելու է այն մասով, որ ունենք և առաջիկա տարիներին ևս ունենալու ենք դեֆիցիտային բյուջե։ Նրա կարծիքով՝ այլ հավասար պայմաններում ներքին պարտքն ավելի լավ է, քան արտաքին պարտքը, քանի որ ռեսուրսները տեղի ռեզիդենտների ձեռքում են կենտրոնացած, և մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ ավելի լավ է, որովհետև գումարները դուրս չեն հոսում։

«2017 թվականին բյուջեի դեֆիցիտը 150 մլրդ է, այն գործողությունները, որ կատարելու ենք, չեն հանգեցնելու դեֆիցիտի բարձրացմանը»,- վստահեցրեց նախարարը։

Դիտարկմանը, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս տարի Հայաստանի համար 3% աճ է կանխատեսում, Վ.Արամյանը պատասխանեց, որ կառավարությունը հավակնում է ավելի բարձր տնտեսական աճի, քան 2017-ին բյուջեով նախանշված 3.2%-ն է։

«Այսօր մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ 6.2%։ Իհարկե, մարտը դեռևս չի հրապարակվել, կհրապարակվի ապրիլին։ Ունենք նաև բազային էֆեկտ, կարող է 6.2%-ը ճշգրտվի դեպի ներքև, որովհետև անցած տարի հունվարի 4.2% տնտեսական ակտիվության ցուցանիշն աստիճանաբար աճել էր մինչև մայիս, հետո՝ նվազել, և սա կարող է բազային էֆեկտ ունենալ»,- ասաց Արամյանը՝ վստահություն հայտնելով, որ տարվա արդյունքներով 3.2%-ը կհաղթահարվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս