ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ է առաջարկում
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամին մատնանշում է մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ:
Ապրիլ 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ մենաշնորհների դեմ պայքարելու համար հարկավոր է առաջին հերթին տնտեսության մեջ խթանել մրցակցությունը: «Մենք գիտենք, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն քննարկել է տնտեսական մրցակցության մասին օրենքի նախագիծը: Սա այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,- ասաց Սամին:
Մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ միջոց է օտարերկրյա ներդրումների խրախուսումը: Հոսեին Սամին նշում է, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ էլ քայլեր ձեռնարկում է և պլանավորում է ստեղծել ներդրումային հիմնադրամներ, որոնք կաշխատեն արտերկրից ուղղակի ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Նրա խոսքով` որքան ավելի բաց լինի տնտեսությունն, այնքան ավելի շատ մարդիկ ներսից և արտասահմանից կմասնակցեն երկրի տնտեսական կյանքին, ավելի կավելանա տնտեսության մեջ մրցակցությունը, այնքան ավելի շահեկան պայմաններ կձևավորվեն տնտեսական աճի ու մենաշնորհների դեմ պայքարելու համար: