Բաժիններ՝

Հայկական ստարտափների մտահղացումները գրավում են Եվրոպական միությանը

Եվրոպական միության (ԵՄ) «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ հայկական 24 ստարտափների ներկայացուցիչներ ակնկալում են մայիսին նախատեսված մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով արժանանալ դրամաշնորհի:

Համատեղ ծրագրով նախատեսված է 18 դրամաշնորհ՝ նորարարական առաջարկ ներկայացրած կազմակերպություններին: Մինչև 2019 թվականը նախատեսվում է հատկացնել 30.000-ից մինչև 50.000 եվրոյի չափով դրամաշնորհներ՝ առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար, իսկ գիտատեխնիկական ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված դրամաշնորհների մրցույթի շրջանակում կհատկացվի մոտ 10 դրամաշնորհ՝ 15.000 եվրոյի չափով, առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

Sհellguard կազմակերպությունը Startup Bootcamp-ի մասնակիցներից է, մատուցում է անվտանգության համակարգը ստուգող (Security audit), համակարգ ներթափանցելու փորձերը ստուգող (Penetration testing) ծառայություններ: Կազմակերպության նպատակն է՝ անվտանգությունը ստուգելու համար կիրառել արհեստական ինտելեկտի (AI) ներուժն ու վերարտադրել հաքերի գործողությունները:

Shellguard ստարտափի հիմնադիրներն իրականացրել են շուրջ 200 նախագծեր, մեծ մասը՝ Հայաստանում, Եվրոպայում, Ռուսաստանում: «Մենք զբաղվում ենք պրոդուկտի ավտոմատացումով, այն դարձնում շարունակական: Մենք պահպանում ենք ռեսուրսները կիբեռհարձակումներից»,- ասաց հիմնադիրներից մեկը՝ Սիփան Վարդանյանը:

Կարդացեք նաև

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ հայտարարված դրամաշնորհային մրցույթի մասնակցելով՝ Sհellguard-ն ակնկալում է, որ հնարավորություն կլինի ծածկել գաղափարի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը:

Elpida electronics ստարտափը ևս ԵՄ ծրագրով հայտարարված դրամաշնորհի նպատակով ներկայացրել է ծրագիր և պատրաստվում է մրցույթի երկրորդ փուլին: Elpida electronics-ի հիմնադիր, ինժեներ Արկադի Խիտարովն ասաց, որ կազմակերպությունը մշակում է խոշոր սպառողների համար անհրաժեշտ գազաչափիչ սարքեր: Վանաձորում գործող կազմակերպությունն ունի 5 աշխատատեղ: Elpida electronics-ի արտադրանքը թույլ է տալիս հեռակա ստուգել, թե տվյալ սպառողն ինչ ծավալի գազ է օգտագործել՝ առանց հասնելու գազաչափիչ սարքերի մոտ: «Մարդկային գործոնը դուրս է գալիս, և այլևս անվստահության հարցը չեզոքանում է»,- բացատրեց Արկադի Խիտարովը:

Այժմ կազմակերպությունն աշխատում է երիտասարդ հետաքրքրվողներին Վանաձորում ուսումնական կենտրոն հիմնելու շնորհիվ հմտություններ փոխանցելու ուղղությամբ:

Վերջին տարիներին Հայաստանում ստարտափների ակտիվության, նորանոր գաղափարների իրականացման հաջողության համար, ըստ մասնագետների, անչափ կարևոր է ապահովել այդ գաղափարները պրոդուկտի վերածելու ճիշտ ռազմավարությունը:

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական, ստարտափների զարգացման իր փորձն ուսանողներին փոխանցող Համբարձում Քաղկեցյանն անդրադառնալով ԵՄ ծրագրի իրականացման կարևորագույն բաղադիչներին՝ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում ստարտափների ոլորտում ավելի շատ տարածված է ինժեներական մտածողությունը, քան ձեռներեցականը, քանի որ խորհրդային ժառանգության արդյունքում Հայաստանում դեռևս պակաս է շուկայամետ մշակույթը:

Այդ իսկ պատճառով, ըստ նրա, հարկ է ստարտափների համար ապահովել Customer development-ի գիտելիքի և հմտությունների փոխանցման և ուսուցման դասընթացներ։ Համբարձում Քաղկեցյանը կարևոր է համարում Customer development-ի գործիքների մեթոդական կիրառումը ստարտափների սկզբնական շրջանում, քանի որ նման գործիքակազմի արդյունավետ կիրառման շնորհիվ հնարավոր է դառնում արագացնել հաճախորդների հավանությանն արժանացած պրոդուկտների ստեղծման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս