Միքայել Պողոսյանը ՀՀԿ ցուցակում լինելու գրավոր համաձայնություն է տվել և ետ չի վերցրել. ԿԸՀ. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այս պահը երգիչ, դերասան Միքայել Պողոսյանից որեւէ դիմում (այդ թվում Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակից դուրս գալու մասին) չի ստացել: Մեզ հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ինքը նման լուր չունի, որ Միքայել Պողոսյանը հետ վերցրած լինի ավագանու ցուցակում ընդգրկվելու դիմումը:

Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Միքայել Պողոսյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ի ցուցակում իր լինելը թյուրիմացություն է.

«ՀՀԿ-ի՞: Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, եթե ես իմանամ, որ ՀՀԿ-ի ցուցակում եմ, հենց վաղն էլ դիմում կտամ՝ դուրս կգամ, ի՞նչ ՀՀԿ-ի ցուցակ…Ինձ հանկարծ էդ ՀՀԿ-մհկ, ոչ մի բանին չխառնեք: Եթե ես ընկել եմ ցուցակի մեջ՝ հենց էսօր կզանգեմ, կասեմ հրաժարվում եմ»,- ասել էր Պողոսյանը: Այս զրույցից հետո մեզ այլեւս չհաջողվեց կապ հաստատել Պողոսյանի հետ:

Ընդգծենք, որ ավագանու ընտրությունների կուսակցական ցուցակում որպես թեկնածու առաջադրվելու համար ԿԸՀ է ներկայացվում «թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Երևանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին»: ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանից տեղեկացանք, որ Միքայել Պողոսյանի վերաբերյալ փաստաթղթերում առկա է հայտարարություն՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված լինելու համաձայնության մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս