«Յուվենթուս»-«Բարսելոնա». կկարողանա՞ն թուրինցիները լուծել 2015-ի վրեժը
«Յուվենթուսը» հրաշալի հնարավորություն ունի վրեժ լուծել «Բարսելոնայից» 2015 թվականի ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելու համար: Արդյո՞ք դա կհաջողվի թուրինցիներին: Այս հարցի պատասխանի մի մասը կարող ենք ստանալ այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:45-ին, երբ այս ակումբները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում կանցկացնեն առաջին հանդիպումը:
Ինչքան էլ վրեժի ցանկությունը մեծ լինի՝ այս խաղում ֆավորիտը կատալոնացիներն են: Սրա պատճառը Չեմպիոնների լիգայում մնալու այն կամքն ու ցանկությունն է, որը մենք տեսանք ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպումում: Կապտանռնագույնները չեմպիոն դառնալու շանսերը Լա Լիգայում հասցրել են նվազագույնի, այդ իսկ պատճառով կենտրոնանալու են Չեմպիոնների լիգայի վրա:
Թուրինյան ակումբը կարող է հաղթանակի հույս ունենալ կատալոնացիների հետ խաղում: Սրա պատճառը թուրինյան ակումբի լավ խաղն է պաշտպանությունում, թոփային հարձակման գիծը և իհարկե Ջիջի Բուֆոնը: Իգուաինը լավ մարզավիճակում է և չի կորցրել գայլային հոտառությունը, չնայած այն բանին, որ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում խփել է ընդամենը 3 գոլ: Պաուլո Դիաբալան ծաղկում է և ունի այնպիսի պոտենցիալ, որ կարող է դառնալ Մեսսիից և Ռոնալդուից ոչ պակաս վառ աստղ:
Բուքմեյքերները սպասում են գոլառատ հանդիպման: Ըստ կանխատեսումների՝ երկու հանդիպումների արդյունքում կատալոնական ակումբը դուրս կգա հաջորդ փուլ:
Հաշվի առնելով կատալոնական ակումբի խնդիրները պաշտպանությունում՝ թուրինցիները պետք է հաղթեն առաջին խաղում և այն էլ չոր հաշվով: Այնուհետև «Յուվենթուսի» ֆուտբոլիստները պետք է դիտեն «Բարսելոնա»-«Ինտեր» կամ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումը, կամ օգնության կանչեն Մոուրինիոյին, որպեսզի հասկանան, թե ինչպես է պետք խաղալ կատալոնցիների հետ պատասխան խաղում:
Այս խաղում շատ բան կախված կլինի թիմերի տրամադրվածությունից և հոգեբանական պատրաստությունից: Էնրիկեն պետք է մոտիվացնի ֆուտբոլիստներին և արթնացնի Մեսսիին: Արթնանալու կարիք ունի նաև Նեյմարը, ով կատալոնացիների վերջին խաղում շատ լարված և նյարդային էր, չէր կարողանում եզրափակել կամ ավելի սուր դարձնել գրոհները: Լարվածության արդյունքում Նեյմարը ստացավ 2 դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից:
Եթե Էնրիկեն կարողանա արթնացնել իր ֆուտբոլիստներին, ապա MSN եռյակը, Ինիեստան և Բուսկետսը բավական են, որպեսզի կատալոնացիները լինեն կիսաեզրափակչում:
Սա այնպիսի դիմակայություն է, որտեղ պատասխան խաղին պետք է պատրաստվել առաջինի նման՝ անկախ առաջին խաղի արդյունքից: Չպետք է մոռանալ նաև, որ տեսակրկնությունները դեռ չեն կիրառվում, իսկ մրցավարները չեն դադարել մարդ լինել:
Սիրարփի Աղաբաբյան