«Սա կոնկրետ իրավիճակի սթափ գնահատում է և անկեղծ խոստովանություն». Արմեն Ռուստամյանը` ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի չմասնակցելու մասին
«Մենք չենք մասնակցում ընտրություններին՝ հանուն մասնակցության, այլ իրական հնարավորությունները պետք էր գնահատել, և դրա հետ կապված վերանայումներ պետք է կատարվեին, նաև Երևանի մակարդակով, որի համար, դժբախտաբար, ժամանակ չէր մնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՅԴ-ի որոշումը` չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
Ըստ նրա` ամեն դեպքում իրենք մի կողմում չեն մնա, իրենց կառույցները կշարունակեն իրենց առջև դրված խնդիրները լուծել: Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն միշտ կարևորել է ՏԻՄ ընտրությունները և հիմա հենց ՀՅԴ-ն է ետ քաշվում դրանցից, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ մասնակցությամբ չէ, որ խնդիրների լուծմանը դերակատար են լինելու.
«Ես կարծում եմ` կունենանք շատ ավելի լուրջ ներկայություն պետական համակարգում, և մեր հնարավորությունները բավարար կլինեն, որ Երևանի խնդիրները լուծենք»:
Ա.Ռուստամյանի խոսքով` ավագանու ընտրություններին չմասնակցելը չի նշանակում՝ քաղաքականությունից ետ քաշվել.
«Սա կոնկրետ իրավիճակի սթափ գնահատում է և անկեղծ խոստովանություն, որ մենք իրոք դժգոհ ենք Երևանում արձանագրած մեր արդյունքներից»: