
Մալալա Յուսուֆզայը դարձել է խաղաղության ամենաերիտասարդ դեսպանորդը ՄԱԿ-ի պատմության մեջ

Պակիստանցի իրավապաշտպան եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ: Մալալան, որը 13 տարեկանում վերապրել է իր դեմ զինյալների մահափորձը, կզբաղվի աղջիկների կրթության հարցերով: Նա դարձել է խաղաղության ամենաերիտասարդ դեսպանորդը համաշխարհային կազմակերպության պատմության մեջ. հուլիսին կլրանա իրավապաշտպանի 20 տարին։
Յուսուֆզային կոչում շնորհելու արարողությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Խնամակալության խորհրդում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի մասնակցությամբ:
«Դուք ոչ միայն հերոսուհի եք, այլեւ շատ անձնվեր եւ մեծահոգի մարդ, որը զարմանալի հատկություններ ունի: Դուք արժանացել եք Նոբելյան մրցանակի, ճանաչվել բոլորի կողմից եւ նույն համեստ ու անկեղծ անձնավորությունն եք մնացել մարդկանց հետ ձեր շփումներում»,-նշել է գլխավոր քարտուղարը:
Խաղաղության դեսպանորդի կոչումն ամենապատվավոր տիտղոսն է, որը ՄԱԿ-ը շնորհում է արվեստի, գիտության, իրավապաշտպան եւ այլ ոլորտների ականավոր գործիչներին:
Այսօրվա դրությամբ դեսպանորդների ցուցակում կան բազմաթիվ հռչակավոր մարդիկ, որոնց թվում են՝ հոլիվուդյան դերասաններ Մայքլ Դուգլասը, Ջորջ Քլունին եւ Շարիզ Թերոնը, երաժիշտ Սթիվի Ուանդերը, գրողներ Պաուլո Կոելիոն եւ Ջեյն Գուդոլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: