«Ոչ մի կուսակցության ես իմ ձայնը չեմ տվել ու չեմ տալու երբևէ». Միքայել Պողոսյան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին երեք ուժ կմասնակցի՝ Հանրապետականը, «Ելքը» և նորաստեղծ «Երկիր Ծիրանի»–ն: Իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀԿ–ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Ընդհանուր առմամբ կուսակցության ցուցակում ներառված կլինի 195 մարդ:
Հանրապետականի ցուցակում է նաև դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, ով զբաղեցնում է ցուցակի 10-րդ հորիզոնականը: «Փաստը» խոսել է հայտնի դերասանի հետ՝ պարզելու վերջինիս ՀՀԿ ցուցակով առաջադրվելու դրդապատճառները:
– Պարոն Պողոսյան, Ձեր անունը կա Երևանի ավագանու անդամ–թեկնածուների ՀՀԿ–ի ցուցակում:
– Այո, բայց դա չի նշանակում, որ ես ՀՀԿ–ի անդամ եմ: Ես առաջադրվում եմ, բայց դա չի նշանակում, որ ես որևէ կուսակցությանն իմ նախասիրությունն եմ տալիս:
– Ինչո՞ւ եք որոշել որպես ավագանու անդամ առաջադրվել:
– Որովհետև ուզում եմ այս քաղաքը ինչ–որ մի կերպ կարգի բերել, որովհետև ես իմ վերաբերմունքն ունեմ այս քաղաքի նկատմամբ: Այսքան տարիներ այս քաղաքը եղել է իմ հերոսը, ուզում եմ ռեալ ինչ–որ բանով այս քաղաքին օգտակար լինել:
– Չե՞ք կարծում, որ ՀՀԿ ցուցակում լինելը Ձեր վարկանիշի վրա ազդեցություն կունենա:
– Ինձ ոչ ոք չի ասել դրա մասին, որ հհկ–մհկ: Եթե տենց մի բան է, որ ես ՀՀԿ–ի անդամ եմ դառել, ես կհրաժարվեմ:
– Այլ ուժեր նույնպես կային, դրանք չե՞ք դիտարկել:
– Կներեք, եթե Տարոնը լիներ ոչ թե ՀՀԿ–ի անդամ, այլ Բարգավաճ կամ դաշնակ՝ ես էլի կընդունվեի, ի՞նչ կապ ունի: Ես եկել եմ գործ անելու, ի՞նչ կապ ունի` ինքը որ ցուցակի մեջ է:
– Պարզապես ՀՀԿ–ի նկատմամբ ժողովրդի կողմից հատուկ վերաբերմունք կա:
– Ինձ մոտ էլ կա:
– Ու դա Ձեզ չի՞ խանգարել…
– Ու դա չի խանգարել ինձ, բացարձակ, ինչո՞ւ պիտի խանգարի: Եթե ես չկարողանամ իմ խնդիրները առաջ բերել, ես կհրաժարվեմ, դուրս կգամ: Ես դրա իրավունքն ունեմ:
– Առհասարակ ՀՀԿ-ի, նրա աշխատելաոճի նկատմամբ ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն է:
– Ես հիմա չեմ կարող իրենց գործունեության մասին ինչ–որ սուբյեկտիվ բան պատասխանել: Փաստն այն է, որ ինչ–որ մի կարևոր բան չի արվել, չի աշխատում ու էն չի:
– Հիմա դուք փորձելո՞ւ եք փոխել ինչ-որ բան:
– Բնական է, բա ես ինչի՞ համար եմ գնացել ձեր կարծիքով: Բա գնացել եմ այնտեղ, որ ի՞նչ, որ ազգանունս եսիմ ինչ դառնա՞, չեմ հասկանում: Դրա կարիքը ես ունե՞մ: Ստացվում է, որ ով այդ ցուցակի մեջ փորձում է այս քաղաքը շտկի, բարելավի, ինչ–որ պիտակ են կպցնում, հա՞: ՀՀԿ–ա, մհկ–ա, կտկ–ա, եսիմ ինչ ա: Ես այս քաղաքի քաղաքացին եմ: Ես մտել եմ այնտեղ, որ ինչ–որ բան շտկեմ ու ոչ մի կուսակցության ես իմ ձայնը չեմ տվել ու չեմ տալու երբևէ:
– «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեք:
– Խնդրում եմ ինձ ոչ մի քաղաքական հարց մի տվեք, ես բոլորին միանշանակ եմ վերաբերվում:
– Այն, որ Դուք ցանկանում եք դառնալ ավագանու անդամ, չի՞ նշանակում, որ որոշակիորեն քաղաքականության մեջ եք մտնում:
– Բացարձակ: Ես պայմանը դրել եմ, որ ինձ ոչ մի քաղաքական խնդիրների, ոչ մի պարագաների մեջ չմտցնեն: Թե չէ ես հենց վաղը դիմում կգրեմ, դուրս կգամ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: