Բաժիններ՝

Մոսկվան չի հրաժարվի Ասադին աջակցելուց ԱՄՆ-­ի հետ «գործարք» կնքելու համար

Մոսկվան չի քննարկում Սիրիայի ներկայիս նախագահ Բադար Ասադին պաշտպանելուց հրաժարվելու տարբերակը որպես ԱՄՆ­-ի հետ Սիրիայի շուրջ ավելի ընդգրկուն գործարքի բաղադրիչ: Այդ մասին «Ինտերֆաքս»-­ին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարությանը մոտ կանգնած մի աղբյուր:

«Դրանք հին խոսակցություններ են: Կարծում եմ՝ ոչ, այդ տարբերակ չի քննարկվում»,­ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Կրեմլում նույնպես կարծում են, որ այն թեզիսին վերադառնալու արեւմտյան գործընկերների փորձերը, որ Սիրիայում իրադրության կարգավորումն անհնարին է առանց նախագահ Բաշար Ասադի հեռացման, անհեռանկարային են:

«Ասադը պետք է հեռանա» մանթռաների հռչակման ոճով կարգավորման կեղծ փորձերին վերադառնալը չի կարող որեւէ կերպ մոտեցնել քաղաքական կարգավորմանը Սիրիայում»,-­լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես ընդգծել է Պեսկովը, «միակ հնարավոր տարբերակը շարունակելն է այն նույն տքնաջան աշխատանքը՝ Ժնեւի գործընթացը, եւ ջանքերն Աստանայի գործընթացի շրջանակներում»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն այս կերպ է մեկնաբանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոյի հայտարարությունը, որը կոչ է արել Ռուսաստանին՝ բանակցություններ սկսել Սիրիայի ապագայի եւ նախագահ Ասադի այլընտրանք գտնելու
շուրջ:

Ավելի վաղ ԱՄՆ­-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ Մաքմասթերը Բաշար Ասադի ռեժիմին աջակցությունից Ռուսաստանի հրաժարվելը համարել է սիրիական կարգավորման շուրջ երկու երկրների միջեւ ավելի ընդգրկուն գործարքի հնարավոր մասը: Մաքմասթերը նշել է, թե հարկ է, որ Մոսկվան խորհրդածի՝ պետք է արդյոք, որ ինքն աջակցի Ասադին:

«Մենք գտնում ենք, որ մյուս երկրները պետք է մի քանի լուրջ հարց տան իրենք իրենց: Ռուսաստանն իրեն պետք է հարցնի՝ ինչու ենք մենք աջակցում այդ դաժան ռեժիմին, որն իր քաղաքացիների զանգվածային սպանություններ է կատարում»,­-ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բացի այդ, Մաքմասթերը հայտարարել է, թե հարկ է, որ Ռուսաստանը հետաքրքրվի՝ ինչու ինքը տեղեկատվություն չի ունեցել Սիրիայում նախապատրաստվող քիմիական գրոհի մասին այն դեպքում, երբ ռուս խորհրդականները ներկա են եղել այն ավիաբազայում, որտեղից իբր կատարվել է այդ հարձակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս