«ՀՀ-ԵՄ նախաստորագրված փաստաթուղթը հիմք է հանդիսանալու ավելի ծավալուն համագործակցության փաթեթ մշակելու համար». Գարեգին Մելքոնյան

«ՀՀ-ԵՄ ամբողջ գործիքակազմը ողջ թափով իրականացվում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրվող աջակցությանը Հայաստանին։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ  անցած  տարևեվերջին և այս տարվա սկզբին Եվրոպական միության  հետ Հայաստանը ստորագրել է համաձայնագրերի փաթեթ, որով  նախատեսվում է  51 միլիոն եվրոյի աջակցության ծրագիր իրականացնել այս տարի և առաջիկա  տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ դրա զգալի մասը՝ մոտավորապես 50  միլիոնը, բյուջետային աջակցության  ծրագիր է, որի շրջանակներում անցած տարի եղել է  աննախադեպ բարձր ֆինանսական հատկացում պետական բյուջեին՝ 27,5 միլիոն եվրո։

«Բոլոր գումարներն անխտիր գրանտային միջոցներ են, և  նույնիսկ  բյուջետային աջակցության  պարագայում  մենք պետական  պարտքի վրա որևէ լումա չենք ավելացնում։  Բացի բյուջետային աջակցության ծրագրից, առկա են  նաև մի քանի այլ գործիքներ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող, դրանք են «Թվինինգ»-ը, «ԹԱԷՔՍ»-ը, «Սիգման», Սևծովյան ավազանի անդրավազանի սահմանային համագործակցության  ծրագիրը, վերջում ավելացված «Սոսյու» ծրագիրը, որը  սոցիալական ոլորտին  է առնչվում, և 2 խոշոր մեծ գործիք, որին Հայաստանն  անդամակցեց՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթ, դա «Կոսմե» ծրագիրն էր՝  փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին առնչվող, և  հայտնի «Հորիզոն 20/20»-ը՝ կրթության և գիտության ոլորտին առնչվող։ Ամբողջ գործիքակազմը ողջ թափով իրականացվում է, և ես հույս ունեմ և որոշակի վստահություն, որ նոր նախաստորագրված  համաձայնագիրը հիմք է հանդիսանալու հետագա  տարիների փաթեթը մշակելիս ավելի ծավալուն  համագործակցության փաթեթ մշակելու համար»,- լիահույս է Գարեգին Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս