«Իմ գերնպատակն է, որ 3-4 տարի հետո Կաննի պաշտոնական կամ երկրորդական մրցույթում հայկական որևէ ֆիլմ լինի». Հովհաննես Գալստյան
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից այս տարի Կաննի կինոշուկայում Հայաստանը ներկայացնելու պարտականությունները դրվել են «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի վրա: Դեռևս ամիսներ առաջ նախարար Ամիրյանն իր հավանությունն էր տվել կրթական կենտրոնի ներկայացրած «Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային Հայաստանի մասնակցության անհրաժեշտության, արդյունավետության բարձրացման և նոր ձևաչափի մասին» առաջարկին, որի համաձայն՝ արդեն հայտնի են մրցույթով անցած և հաղթած երեք նախագծերի անունները:
Այսպիսով՝ այս տարի Կաննի կինոփառատոնի ընթացքում` մայիսի 18-26-ը, առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International/Pantiero հատվածում՝ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով, որտեղ հաջողելու իրենց շանսերն են փորձելու «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը: Այնուամենայնիվ, Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է՝ Կաննի կինոշուկա Հայաստանը կարող է տանել ոչ միայն հաղթած երեք ֆիլմերը:
Նախարարությունը պատրաստակամ է հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում Կաննի կինոշուկայում ներկայացնել նաև մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը նույնպես՝ հնարավորություն տալով օգտագործել հայկական տաղավարի հնարավորությունները՝ կոլեգաների հետ հանդիպումներ անցկացնելու, նախագծերի հրապարակային ներկայացումներ կազմակերպելու համար:
Այս և կինոարդյունավետությանն առնչվող այլ հարցերի շուրջ մենք զրուցեցինք Կաննի հայաստանյան հանձնաժողովի պատասխանատու, ռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ:
«Կաննում հանդիպումներ դնելու համար ասում եմ՝ եկեք հայկական տաղավար՝ Village International/Pantiero N 226»
Կաննում հանդիպումներ դնելու համար կոլեգաներին հրավիրելուց ասում եմ՝ մենք կարող ենք հանդիպել ձեր տարածքում, բայց լավ կլինի, որ ես ձեզ հրավիրեի մեր տարածք՝ Հայաստանի տաղավար Village International/Pantiero հատվածում` N 226 տաղավար: Այսինքն, մենք այս տարի վերջապես մտնում ենք Կաննի իրական կինոշուկա: Նախկինում մեզ այնտեղ նկուղում ինչ-որ տեղ էին հատկացնում, որտեղից վերադառնալուց հետո մերոնք հայտարարում էին՝ մենք գնացինք, գրավեցինք Կաննը և հետ եկանք: Կաննի իրական կինոշուկա մուտք գործելով՝ իմ գերնպատակն է դառնում, որ 3-4 տարի հետո մենք Կաննի պաշտոնական կամ երկրորդական մրցույթում հայկական որևէ ֆիլմ ունենաք, կամ՝ մեր ֆիլմերը ռեալ վաճառվեն կինոշուկայում:
Մենք երկարատև աշխատանքի մանրակրկիտ պլան ենք մշակել և առաջիկա չորս տարիների ընթացքում ձգտելու ենք իրականություն դարձնել դրանք: Այն նախագծերը, որ մենք այսօր ընտրեցինք առաջիկա փառատոնի կինոշուկայում ներկայացնելու համար, մի քանի տարի հետո պետք է մուտք գործեն սելեկցիա կամ վաճառվեն կինոշուկայում: Ուրիշ տեսլական մենք չունենք և մեծ հույսեր ունենք, որ կհաջողենք: Համենայն դեպս, դրան հասնելու համար մենք պատրաստ ենք ու անում ենք ամեն հնարավոր բան՝ ունենալու համար համաշխարհային կինոյում ներկայանալի ձեռագիր առաջարկող հայկական նոր կինո:
«Այս տարի ի սկզբանե ծրագրված է եղել Կաննի կինոշուկա ներկայանալու համար ինստիտուցիոնար վերաբերմունք ցուցաբերել»
Մեր կինոինդուստրիայի դոմինանտ պրոբլեմներից մեկը ֆինանսավորում ստանալու ոչ թափանցիկ մեխանիզմներն են: Մենք չենք հասկանում՝ ի՞նչ չափորոշիչներով են հաղթում այս կամ այն նախագծերը: Ինձ թվում է՝ դա աբսուրդ է, որովհետև, որպես կանոն, շանս են ունենում միայն այն նախագծերը, որոնք ունեն անձնական ազդեցության հնարավորություն՝ որոշում կայացնողների վրա: Իմ գերնպատակն է՝ Հայաստանում ունենալ ֆիլմարտադրության համար բոլորի կողմից հասկանալի և աշխատող դաշտ, որի օգնությամբ մենք ֆիլմեր կնկարահանենք ու վերջապես հնարավորություն կունենանք մուտք գործելու համաշխարհային կինոոլորտ: Իմ ստրատեգիական մոտեցումներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում դրանց հասնելու ճանապարհին շատ հստակ են: Չափորոշիչները հստակ ամրագրված են՝ Կաննի կինոշուկա մեկնել հավակնող նախագծերից նախարարությունն աջակցում է նրանց, ովքեր միջազգային գործընկերոջ հետ ունեն արդեն կնքված համագործակցության պայմանագիր և Կաննում արդեն ամրագրված հանդիպումների շարք:
Այսինքն, եթե մարդն առաջին անգամ է գալիս Կանն, ապա, որքան էլ լավ նախագիծ ունենա, մեզ համար՝ որպես պատվիրակության, դա կորուստ է, եթե չկան թվարկածս նախնական ձեռքբերումները: Գաղտնիք չէ, որ բոլորը գալիս են Կանն արդեն իսկ րոպե առ րոպե ֆիքսված իրենց հանդիպումների գրաֆիկով, հստակ պայմանավորվածություններ ունենալով: Եվ հետո՝ողջ աշխարհում ընդունված կարգ է՝ ֆիլմը նախևառաջ՝ պետք է վաճառել, նոր միայն սկսել նկարահանումները: Հայաստանում մինչև բոլորովին վերջերս գրեթե ոչ ոք չէր հասկանում՝ ինչպե՞ս է կառուցված այդ համակարգը, կամ թե՝ որ նախագիծն ինչ առավելության համար էր մեկնում Կանն: Այս ֆունդամենտալ խնդիրը մենք լուծել ենք:
Հիմա բոլորը գիտեն՝ Կանն գնում է այս կամ այն նախագիծը, որովհետև հաղթում է մրցույթը: Երկրորդ հարցը՝ իսկ ինչպե՞ս են հաղթել մրցույթը, որովհետև դրանք ունեն միջազգային շուկայում հայտնվելու պոտենցիալ հնարավորություն ու արդեն հաստատված գործընկերներ: Պետությունը, ըստ էության, ոչ թե հատկացնում է ինչ-որ X գումար և ասում՝ գնա քո գլխի ճարը տես, այլ ասում է՝ էլ ի՞նչ անեմ քո նախագծի համար, որ այն ոչ միայն հաջողություն գրանցի, ասենք, Կաննում, այլ շարունակի զարգացնել նախագիծը մինչև ֆիլմ դառնալը և արդեն ավարտին հաջողությամբ հետ բերի իր վրա ծախսված՝ պետության կողմից տրամադրված բոլոր տեսակի միջոցները:
«Հայաստանյան կինոարտադրության սովետական մեթոդոլոգիաները»
Հայաստանում կինոարտադրության համար պետության կողմից տրամադրվող աջակցությունն ի կատար է ածվում սովետական մեթոդոլոգիայով, որովհետև, եթե վերլուծելու լինենք դրա մեխանիկական կողմը, ապա կարձանագրենք՝ Հայաստանում կա կինոարտադրության երեք փուլ, և երկար ժամանակ ֆինանսավորվել է վերհիշյալ մեթոդոլոգիան՝ նախաարտադրություն, արտադրություն և հետարտադրություն: Համաշխարհային կինոինդուստրիան վաղուց արդեն թևակոխել է այլ փուլ, որտեղ կա արտադրության հինգը փուլ՝ սցենարի և նախագծի զարգացման, նախաարտադրության, նկարահանման, հետարտադրություն և վաճառքի փուլեր: Արդեն վաղուց դիստրիբյուտորներն ուղղակի ստիպում են, որ վաճառքը տեղի ունենա արտադրության փուլի մեջ՝ հանդիսանալով դրա մի մասը:
Ըստ այդմ էլ, պետությունը պետք է աջակցի նախագծի սցենարի զարգացման փուլից սկսած՝ մինչև շուկա մտնելը, որ հետագայում հնարավորություն ունենա հետ բերելու ֆիլմի վրա ծախսված միջոցները: Հետևաբար, եթե դուք վաճառք չեք իրականացրել, ապա ձեր արտադրությունը չի վերջացել: Անդրադառնանք մի այլ ցավոտ խնդրի, այն, որ Հայաստանում դիստրիբյուցիա, որպես այդպիսին, գոյություն չունի: Բոլորը միայն արձանագրում են, որ գոյություն չունի: Եթե գոյություն չունի, պետք է ունենա: Իսկ որպեսզի ունենա, պետք է որոշակի ջանքեր ներդնել, համենայն դեպս, մի բան հստակ է՝ ոչ ոք չի խանգարում, որպեսզի մենք ունենանք ժամանակակից կինոարտադրության ստանդարտներին համապատասխան կինոոլորտ:
«Եթե ձեր կինոն ոչ մի տեղ պահանջված չէ, ուրեմն դուք կինո չեք նկարում, և վերջ»
Կաննի կինոշուկային մասնակցելու հայտ ներկայացրած փաթեթներից պարզ էր, որ մեզ մոտ ոչ խաղարկային ֆիլմերի փաթեթները շատ ավելի ուժեղ, պինդ ու լավն էին, քան խաղարկայիններինը: Պետք է արվի այնպես, որ խաղարկային ֆիլմերը նույնպես կարողանան հասնել դոկումենտալ ֆիլմերի մակարդակին, որովհետև աշխարհում խաղարկային ֆիլմերի շուկան 100 անգամ ավելի մեծ է, քան ոչ խաղարկային ֆիլմերինը: Եթե մենք խաղարկային կինո չունենք, ուրեմն մեր մտածողությունը փչացած է և խաղարկային ֆիլմերի համար չի աշխատում, ինչը չեմ կարող ասել փաստագրական ֆիլմերի պարագայում: Չի բացառվում, որ ժամանակակից հայկական կինոյի սպեցիֆիկան ոչ խաղարկային ֆիլմերն են, կարող է մենք էլ այդ շանսն ունենք՝ հաջողությամբ մուտք գործելու համաշխարհային կինոշուկա:
Պարզապես պետք է հասկանալ մեր սպեցիֆիկան, որովհետև, ամենապարզ ձևով ասած՝ ուղղակի չի կարելի նկարել ֆիլմ, որը որևէ տեղ երևալու շանս չունի: Մի օր իսկականից կարող է պետությունն ասի՝ ես հոգնել եմ, էլ չեմ ֆինանսավորում կինոն, որովհետև գիտե՞ք՝ ուղղակի անթույլատրելի է այսքան անպտուղ մի բանի վրա պետական սուղ միջոցներից միլիոններով գումարներ ծախսել: Կինոինդուստրիան ունի ստանդարտ կրետերիաններ՝ եթե կինոն նկարահանվում է, ուրեմն կա՛մ պետք է մտնի մեծ փառատոներ, կա՛մ կինոշուկա: Եթե ձեր կինոն ոչ մի տեղ պահանջված չէ, ուրեմն դուք կինո չեք նկարում, և վերջ:
«Իշխանությանը քննարկել չի կարելի, որովհետև իշխանությունը հրեշ է»
Մեկ-մեկ պատահում է, որ այս կամ այն ֆիլմը շատ է ազդում վրաս, ես դրանք ֆեյսբուքյան իմ էջում վերլուծում եմ: Այդպես, օրինակ, վերլուծել եմ Զվյագինցևի «Լևիաֆանը», որտեղ իմ մոտեցումը հետևյալն էր՝ հասարակությունն իշխանության հետ պետք է ընդհանրապես գործ չունենա: Իշխանությանը քննարկել չի կարելի, որովհետև իշխանությունը հրեշ է: Ինքն ունի բրուտալ մեթոդներ կիրառելու հստակ գործոններ: Խնդիրը հետևյալն է՝ հասարակությունն իր ներսում պետք է ստեղծի բարոյական ծանրության կենտրոններ, որոնք այդ հրեշին վերահսկման մեջ կպահեն:
Եթե հասարակությունն իր ներսում չունի այդ բարոյական ծանրության կենտրոնները, ուրեմն՝ դա իր խնդիրն է, որովհետև իշխանությանը քննարկես-չքննարկես, ինքն ի սկզբանե այդպիսին է, դա իր, այսպես ասած, «բնածին» ֆունկցիաներից մեկն է:
Զվյագինցևն էլ իր ֆիլմով այդ մասին էր բարձրաձայնում: Իշխանությունը հենց Լևիաֆանն է՝ այդ հրեշը: Եթե դու չունես այդ ծանրության կենտրոնները, ինքը միշտ կիրառելու է իր բրուտալ մեթոդները, իսկ եթե ունես, ապա գործի կդնի երկար չօգտագործելուց ժանգոտված իր հումանիստական գործիքները:
Հիմա նույն բանը մեզ հետ է կատարվում: Եթե մենք չունենք ներքին ծանրության կենտրոններ, ուրեմն պետք էլ չի քննադատել սխալ աշխատող կառույցին: Եթե մենք չունենք կինոյի մասին գրող լավ լրագրողներ, ովքեր այնպիսի հզոր ծանրության կենտրոն կլինեն, որ ոչ մի ապուշ չի գնա, կանգնի Տարանտինոյի հետ նկարվի ու գա ասի՝ նայեք իմ նկարը Տարանտինոյի հետ, ես հաղթեցի Կաննի փառատոնի գլխավոր մրցույթը: Ինքը դա ասում է, որովհետև չկան այն լրագրողները, որ կասեն՝ իսկ չե՞ս մտածել, որ կարող է պատահի՝ հանկարծ ես էլ կարդամ քո գրածը…
Դրա համար ես կողմ եմ այս բնագավառում կինոյի մասին գրող լրագրողների, քննադատների և կինոգործիչների սերտ կապերին, որ այլընտրանքային հնարավորություն ունենանք տարբերելու թացն ու չորը:
Լուսանկարները՝ Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից