Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, ևս ինը վիրավորվել երկրաշարժի հետևանքով
Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5-ի առավոտյան երկրի հյուսիս արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել է Fars գործակալությունը։
6,1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավարեւմուտք ընկած Սեֆիդ Սանգի շրջանում: Երկրաշարժին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:
Գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնի անմիջական մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրեր ավերված են 40-80 տոկոսով: Տարերային աղետի գոտում անցկացվում է ընդգրկուն փրկարար գործողություն՝ ուղղաթիռների օգտագործմամբ, որոնք տուժածներին հասցնում են բուժհաստատություններ:
Բազմաթիվ շրջաններում խախտված է ջրի եւ էլեկտրականության մատակարարումը, կատարվում են վերականգնողական աշխատանքներ, վրանային ավաններ են ստեղծվում օթեւանից զրկված մարդկանց համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: