Դատարանը պարտավորեցրել է ազատ արձակել սպային, ով ձերբակալվել է պայծառատես Անի Գրիգորյանի հաղորդման հիման վրա
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակած որոշմամբ պարտավորեցրել է ազատ արձակել պայմանագրային զինծառայող Դավիթ Մկրտումյանին, ով ձերբակալվել է պայծառատես Անի Գրիգորյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին 168.am-ին հայտնեց Դավիթ Մկրտումյանի պաշտպան Արման Թամրազյանը։
Արման Թամրազյանն ասաց, որ Անի Գրիգորյանը հաղորդում է տվել այն մասին, որ իր նախկին ընկերն իրեն անվանարկող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով իրենից 2014թ. հունվարից մինչև 2017թ. հունվար ամիսը շարունակաբար պահանջել և մաս-մաս ստացել է շուրջ 65 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ «Հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, քրեական գործի հարուցումից մեկ ամիս 15 օր անց Դավիթ Մկրտումյանը՝ Անի Գրիգորյանի նախկին ընկերը, ով զինվորական է, պայմանագրային զինծառայող, կոչումով՝ կապիտան, 2017թ. ապրիլի 3-ին ձերբակալվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից։
Քանի որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել, որոշումը մեր կողմից բողոքարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն այսօր որոշում է կայացրել, ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ և պարտավորեցրել ազատ արձակել Դավիթ Մկրտումյանին։
Իսկ Դավիթ Մկրտումյանը հայտնել է իր դիրքորոշումը, որ իրականում նման սպառնալիքներ չի հնչեցրել, Անի Գրիգորյանի ընկերն է եղել, շուրջ 4-5 տարի շփվել է նրա հետ, բազմաթիվ հանդիպումներ ունեցել, որ Անի Գրիգորյանը, իհարկե, իրեն գումարներ տվել է, բայց ոչ 65 հազար դոլարի չափով, այլ մոտ 15-20 հազարի դոլարի չափով՝ որպես նվեր, նաև թանկարժեք նվերներ, որոնց գումարը մտնում է 15-20 հազար դոլարի մեջ։
Դավիթ Մկրտումյանը նաև ներկայացրել է իր և Անի Գրիգորյանի նամակագրության վերաբերյալ տեղեկություններ, որի բովանդակությունից ակնհայտ է, որ Դավիթ Մկրտումյանն Անի Գրիգորյանից շորթում չի կատարել, նրանց միջև իրականում ջերմ հարաբերություններ են եղել, և հակառակը՝ Անի Գրիգորյանը փորձել է զանգել Դավիթ Մկրտումյանին, վերջինս նրա զանգերին հաճախակի չի պատասխանել։
Դավիթ Մկրտումյանը հայտնում է, որ, երբ 2017թ. հունվարի 13-ին Անի Գրիգորյանին տեղեկացրել է, որ ցանկանում է ամուսնանալ այլ աղջկա հետ, սկսվել է այս գործընթացը, այսինքն՝ Անի Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել, որ Դավիթ Մկրտումյանն իրենից այդ գումարները շորթել է, այլ ոչ թե ինքը նվեր է տվել։ Այս պահին գործով նախաքննություն է ընթանում»,- ասաց Արման Թամրազյանը։