Հարկային երկու տեսուչի և մեկ ՍՊԸ-ի տնօրենի հանցավոր կապ է բացահայտվել. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթիին հայտնի է դարձել, որ ավարտվել է պետեկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը: Այդ գործով 3 անձի, այդ թվում` երկու գլխավոր հարկային տեսուչի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կաշառք ստանալու համար: Հիմնավորվել է, որ տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները շուրջ 4 մլն դրամի չափով պակաս են հաշվարկել:
«Մեզ հասած տեղեկություններով, նախաքննության փուլում պարզվել է, որ ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Տիգրան Մխիթարյանը վարել է «Գոլհիլ» ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառումը եւ վայելել է ՍՊԸ-ի տնօրեններ Գոհար եւ Ռազմիկ Վլասյանների հովանավորությունը: Տիգրան Մխիթարյանը տեղեկանալով ՊԵԿ քննչական վարչության վարույթում Գոհարիկ Վլասյանի վերաբերյալ քրեական գործով կատարված եւ ի պաշտոնե իրեն հանձնարարված հարցումների մասին, այդ մասին հայտնել է Վլասյաններին:
Բացի այդ, ի պաշտոնե տեղյակ լինելով «Գոլհիլ» ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելու մասին, Մխիթարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները. նշված տեղեկատվությամբ տեսչության այլ բաժինների հետ չի փոխանակվել ու չի ապահովել դրա հետ կապված կամերալ ուսումնասիրությունների անցկացումը:
Ավելին, 2016 թվականի սեպտեմբերին, երբ Տիգրան Մխիթարյանն արդեն զբաղեցրել է նույն հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը, Գոհար Վլասյանից տեղեկացել է «Գոլհիլ» ՍՊԸ-ի կողմից 2015թ.-ին 4 բեռնատար ավտոմեքենաների շահագործման մասին, սակայն համակարգ է մուտքագրել դրանցից միայն 2-ի ելակետային տվյալները, որի հետեւանքով հիշյալ ընկերության հարկային պարտավորությունները շուրջ 2 մլն դրամի չափով պակաս են հաշվարկվել:
Բացի այդ, նույն տեսուչը, դարձյալ խախտելով հարկային օրենսդրության պահանջները, ստանձնել է Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված մեկ այլ` «Օհանտրանս» ՍՊԸ-ի հաշվապահական հաշվառման պարտականությունը: Այդ ընթացքում, նույն տեսչության ընթացիկ հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արմեն Մուրադյանից տեղեկանալով հիշյալ ընկերության կողմից խախտում կատարելու փաստ հայտնաբերելու մասին, կրկին չարաշահել է պաշտոնեական դիրքը եւ վերջինիս խնդրել թաքցնել խախտումը, որպեսզի «Օհանտրանս» ՍՊԸ-ի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջանան: Արմեն Մուրադյանն էլ, կատարելով գործընկերոջ խնդրանքը, վերադասին այդ մասին զեկուցագիր չի ներկայացրել եւ ստուգում չի նախաձեռնել: Դրա հետեւանքով այս ընկերության հարկային պարտավորությունները եւս շուրջ 2 մլն դրամով պակաս են հաշվարկվել:
Այնուհետեւ Տիգրան Մխիթարյանը զանգահարել է «Օհանտրանս» ընկերության տնօրեն Սարգիս Մելքոնյանին եւ դրա դիմաց, ինչպես նաեւ խնդրի մասին նախապես տեղեկացնելու եւ ստուգումը կանխելու համար կաշառք է պահանջել: Սարգիս Մելքոնյանը համաձայնվել է եւ իր օգտին ապօրինի անգործություն դրսեւորելուն նպաստելու համար Տիգրան Մխիթարյանին կաշառք տվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: