«Վատ բաներ պիտի ասեմ». Հակոբ Հակոբյանները՝ ընտրություններում պարտվելու մասին. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «6-րդ գումարման Ազգային ժողովում չեն լինելու Հակոբ Հակոբյան անուն-ազգանունով երկու պատգամավորները, որոնց հասարակությունն ու լրագրողները տարբերում են Կիլիկիայի Հակոբ եւ Թունելի Հակոբ անուններով:
«Երեւանի գարեջրի գործարան» (Kilikia) ՓԲԸ նախագահ Հակոբ Հակոբյանը ապրիլի 2-ին կայացած ընտրություններում առաջադրվել էր Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում: Նա ստացել է 8090 ձայն: Տավուշի մարզին ռեյտինգային ընտրակարգով հասանելիք մանդատը, սակայն կստանա «Գրանդ տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը:
Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորում իր պարտությունը. «Ես չեմ ուզում պատասխանել, վատ բաներ պիտի ասեմ, դրա համար չեմ ուզում ասել»,- ասաց նա: Գործարարը չհստակեցրեց՝ ընտրողների մասի՞ն էր վատ բաներ ասելու, թե՞ Հանրապետական կուսակցության, որի խորհրդի անդամ է:
Ասաց, որ ոչ մեկի մասին չի ուզում որեւէ բան ասել: «Կանցնի 10-15 օր, կպատասխանեմ: Դեռ ոչ մի բան չի ավարտվել, չարժի որեւէ բան ասել»,- հավելեց նա:
Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը ընտրություններում ստացել է 13 248 ձայն: Այս մարզում ռեյտինգային մանդատները բաժին են ընկնում Կարեն Բոթոյանին (14 հազար 932 քվե) եւ Ռաֆիկ Գրիգորյանին (14 հազար 430 քվե):
Ներկայացնենք Հակոբյանի հետ մեր զրույցը. վերջինս, ի դեպ, նոր էր Գեղարքունիքից Երեւան վերադարձել.
– Պարոն Հակոբյան, ինչո՞վ եք պայմանավորում ձեր պարտությունը:
– Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Ժողովրդից, ընտրողից հարցրեք:
– Փորձե՞լ եք անձամբ հասկանալ այդ հարցի պատասխանը:
– Ես շատ բան եմ հասկացել, բայց դա քիչ է: Պետք է հասկանալ ժողովուրդն ինչ է հասկացել, դրա համար հարցերն ուղղեք միայն ընտրողին: Իսկ եթե խոսքը ձայների մասին է, իմ ձայները քիչ չեն, իմ ձայները շատ-շատ լավ ձայներ են:
– Այսինքն՝ նեղացած չեք ընտրողներից:
– Բացարձակ, բացարձակ: Իմ ընտրողներին ես սիրում եմ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: