Բաժիններ՝

«Ունիսոն»-ն արձանագրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անհարմարությունը

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը իրականացրել է հարցումներ, որոնք փաստել են, որ հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը չի մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի՝ ապրիլի 2-ին անցկացված ընտրություններին: Մասնակցությանը խոչընդոտել են տեխնիկական խնդիրները: Ապրիլի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրությունները չէին տարբերվում նախորդներից: Չնայած որոշ տեղեր դրված էին թեքահարթակներ, բայց գրեթե ամենուրեք կիրառելի չէին մեծ թեքության պատճառով եւ ձեւական բնույթ էին կրում»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

«Ունիսոն» կազմակերպությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուներ ընդամենը 6 դիտորդ, այն էլ` կամավորական հիմունքներով: Դիտորդների պակասը պայմանավորված էր միջազգային կամ այլ կազմակերպություններից աջակցություն չստանալով:

«Այնուամենյանիվ, մենք մեր ավանդույթը պահպանեցինք եւ զերծ չմնացինք այդ ընտրությունների մոնիտորինգից: Հաշվի առնելով դիտորդների սակավաթվությունը` մենք ավելի շատ շրջիկ եղանակով էինք աշխատում: Շրջում էինք տարբեր տեղամասերով, որ հնարավորինս շատ ընտրատեղամասերում լինեինք»,- ասաց հասարակական կազմակերպության նախագահը:

Ընտրությանը մասնակցող հաշմանդամություն ունեցող անձանց մեջ մտնում էին ոչ միայն տեղաշարժման խնդիրներ ունեցողները: Մեծ թիվ էին կազմում տեսողական, լսողական խնդիրներ ունեցողները ևս: Առանձնացնելով տեսողական խնդիրներ ունեցող անձանց` Արմեն Ալավերդյանը փաստեց` այս ընտրությունների ժամանակ  խախտվել է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց գաղտնի քվեարկության իրավունքը: Ի տարբերություն անցած ընտրությունների` այս տարի չկիրառվեց բրալյան համակարգը՝ ընտրական գործընթացի բարդության և քվեաթերթիկների մեծաքանակության պատճառով:

«Մեր այցելած տեղամասերից գրեթե բոլորում առկա են եղել ոսպնյակներ, որոնք զուտ ձեւական բնույթ էին կրում: Միայն մեր դիտորդների հորդորով էին դրանք օգտագործվում կամ ցուցադրվում մարդկանց: Բայց շատ հաճախ այս հորդորն էլ աչքաթող էր արվում»,-նկատեց Ալավերդյանը: Այս հանգամանքները թույլ էին տալիս տեսողական խնդիրներ ունեցող անձանց ուղղորդել ընտրություն կատարելիս:

Բացի բուն ընտրական գործընթացից` հաշմանդամություն ունեցող անձանց համար շատ դեպքերում անհասանելի էր նաև նախընտրական քարոզարշավը: Դրանք անցկացվում էին այնպիսի վայրերում, որտեղ հասնելը տվյալ անձանց համար նույնպես խնդրահարույց էր:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից դիտորդություն անցկացրած 6 անձինք հասցրել են դիտարկել 67 ընտրատեղամաս: Դրանք ընդգրկել են Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանները: Դիտորդները գրանցել են ընտրությանը մասնակցած սայլակ օգտագործող 6 մարդու: 67 տեղամասերից լիովին մատչելի էին 4 տոկոսը, անմատչելի` 62 տոկոսը, մնացած մասը՝ դժվարամատչելի:

Մարիամ Բաբայան
Լուսինե Թադևոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս