Բաժիններ՝

Թուրքական ընդդիմադիր թերթի ղեկավար կազմին «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանք է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավարների և հոդվածագիրների նկատմամբ կատարվող հետաքննություն ավարտվել է:

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը 19 հոգու նկատմամբ «զինված ահաբեկչական կազմակերպությանը չանդամակցելով հանդերձ՝ օժանդակելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքներ է ներկայացրել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը՝ նշելով, որ գլխավոր կասկածյալը ընդդիմադիր թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն է:

Կասկածյալների թվում են նաև գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն, խմբագրության խորհրդական Քադրի Գյուրսելը, Ջումհուրիյեթ հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներ Օնդեր Չելիքը, Բյուլենթ Ութքուն, Մուստաֆա Քեմալ Գյունգյոռը, Գյուրայ Օզը, Հաքան Քարան, Մուսա Քարթը: Դատախազության կազմած մեղադրականն ուղարկվել է դատարան:

Մեղադրական նշվում է, որ թերթը ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կարգադրությամբ և 90-ամյա պատմության ընթացքում հավատարիմ է եղել նպատակներին ու գործել է սկզբունքների շրջանակում: Միայն վերջին 3 տարիներին և հատկապես 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձին նախորդող և հաջորդող շրջանում է իր հիմնադիրների փիլիսփայությանը հակասող ուղի որդեգրել:

Ըստ մեղադրականի՝ թերթի քաղաքականությունը փոխվել է, երբ խմբագիր է դարձել Ջան Դյունդարը: Նույն ուղղվածությունը շարունակել է 2016-ին նրան փոխարինած Մուրադ Սաբունջուն: Նշվում է, որ այդ ընթացքում թերթի ղեկավարների որոշմամբ գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնած անձիք (Դյունդարը և Սաբունջուն) թերթը վերածել են գործիքի, որը գործել է հօգուտ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ`թուրքական մամուլում այսպես է կոչվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը) և «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK):

Դատախազություն ընդգծել է, որ թերթի քաղաքականության փոփոխության և հրապարակված լուրերի համար պատասխանատու են նաև տվյալ ժամանակահատվածում թերթի գործադիր խորհրդի բոլոր անդամները, քանի որ խմբագիրները նշանակվել են «Ջումհուրիյեթ» հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից:

 Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս