Ընտրական բեկում Հայաստանում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցավ բեկումնային ընտրական միջոցառում: Այս ընտրություններն առաջին հերթին բեկումնային էին, որովհետեւ պետությունն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Սակայն խոսքը դրա մասին չէ:

1991 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները ճանաչեցին մասնակից բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը: 1996 թվականից սկսած բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը չի ճանաչել արդյունքները, հայտարարել է համատարած կեղծիքների մասին, հետընտրական պրոցեսներ է սկսել, որոնք երբեք որեւէ արդյունքի չեն հասել:

Հետագա 5 տարիների ընթացքում կեղծված ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանության թեման գոյության միակ իմաստ եւ աշխատանքի դաշտ է ապահովել ընդդիմադիր համարվող կուսակցությունների համար. եւ ընդամենը:

Այս անգամ այդ փակ շղթան ճեղքվել է: Ընտրություններին մասնակցած, անցողիկ շեմը հաղթահարած եւ չհաղթահարած կուսակցությունները, տեղական դիտորդները, միջազգային դիտորդները, սփյուռքից ժամանած դիտորդները, բոլորը ընդունում են, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են քվեատուփերում ընտրողի ձեռքով հայտնված քվեաթերթիկներով: Այլ բան, որ նրանք վերապահում ունեն, թե ընտրողն ինչ գնով է կատարել իր ընտրությունը:

Սա արդեն ուրիշ խոսակցություն է, որը նոր փուլ է բացում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Բայց որպեսզի այդ խոսակցությունը մեկնարկեր, հարկավոր էր նախ դուրս գալ 21-ամյա շրջափուլից, որտեղ ամեն նոր ընտրությունից հետո կրկնվում էր հին սցենարը: Բացառությամբ իհարկե 2008-ի նախագահական ընտրությունների, որն այս իմաստով անցումային նշանակություն ունեցավ:

Իսկ ինչ ունենք այսօր: Այսօր ունենք իրավիճակ, երբ Արսինե Խանջյանն ասում է, որ ընտրողը պետք է ավելի գրագետ լինի, եւ բարձր քաղաքացիական գիտակցություն ունենա: Սերժ Թանկյանը ընտրություններն ամփոփելով ասում է. «Անկեղծ ասած՝ հուսախաբ եմ։ Իշխող ուժը, որ այդքան մեծ ազդեցություն ունի, մի քիչ դժվար է դարձնում պատկերացնել երկրի գունավոր ապագան։ Կարող եմ ասել, որ նույն վիճակը նաև Ամերիկայում է»: Իսկապես ցնցող համեմատություն:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների նախնական գնահատականով էլ  ընտրությունների հետ կապված տեխնիկական բոլոր քայլերն իրենց արդյունքը տվել են ընտրական գործընթացն էապես բարելավվել է, սակայն ընտրողը եւ ընտրվողը պետք է  հասունություն ցուցաբերեն, եւ հրաժարվեն անցյալի գործողություններից: Խոսքը ընտրողների կամքի վրա ազդելու այնպիսի գործողությունների մասին է, ինչպես` ահաբեկումը, վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրակաշառքը: Սրանք այն կեղծարարություններն են, որոնց պատասխանատվությունը 50/50 է, այսինքն`այն հավասարապես կրում են թե առաջարկողը, եւ թե ընդունողը:

Փորձագետների եւ վերլուծաբանների կարծիքով ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ստացած ձայները մեծապես ձեւավորվել են  «անցյալի գործողությունների» շնորհիվ: Այդպես չէր լինի եւ այսօր բոլորովին այլ պատկեր կունենայինք, եթե ընտրողների մեծամասնությունը մերժեր ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի ճնշումներն ու ահաբեկումները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս