«Հայաստանն ու Ռուսաստանը երբեք չեն եղել բարիկադների տարբեր կողմերում». Էդվարդ Նալբանդյան
Այսօր նշանակալի օր է. 25 տարի առաջ` 1992 թվականի ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այս առնչությամբ «Независимая газета»-ում հոդված է հրապարակել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք՝ իմ ռուս գործընկեր և իմ ընկեր Սերգեյ Լավրովի հետ փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի ֆոտոցուցահանդես: Սա նախատեսված միջոցառումներից առաջինն է` նվիրված այս նշանակալի իրադարձությանը: Հաստատված դիվանագիտական հարաբերությունները բացեցին նոր էջ երկու եղբայրական ժողովուրդների համար: Մենք, եթե կարելի է այդպես արտահայտվել, երբեք չենք եղել բարիկադների տարբեր կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, պապերը մեկ անգամ չէ, որ միասին պատերազմել են»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել է, այն հետխորհրդային տարածքում հաջողվածներից մեկն է: Ամենաբարձր մակարդակով ապահովվում է երկու երկրների ինտենսիվ քաղաքական երկխոսություն, վերջին 10 տարվա ընթացքում կայացել է երկու երկրների ղեկավարների 100-ից ավելի հանդիպում: Իրականացվում է արդյունավետ համակարգված աշխատանք արտաքին քաղաքական հարթակներում` ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Առկա է սերտ փոխգործակցություն անվտանգության ոլորտում, ինտենսիվ կապի մեջ են երկու երկրների կառավարությունները, խորհրդարանները և այլ կառույցները:
«Ռուսաստանը կարևոր առևտրատնտեսական գործընկեր է, կարևոր շուկա է Հայաստանից արտահանվող ապրանքների համար: Ռուսական ներդրումներն անցել են 3 մլրդ դոլարի շեմը, Հայաստանում գործում են երկու հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Երկու երկրների հարաբերությունները հաջողությամբ զարգանում են էներգետիկայի ոլորտում: Ստորագրվել է տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր: Տնտեսական զարգացման համար հավելյալ հնարավորություններ ստեղծեց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը»,-գրել է նա` ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրում ունի Ռուսաստանում առկա մեծաթիվ հայ համայնքը:
Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահ երկրի կարգավիճակով: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին պայմանագիր: Դա կողմերին հնարավորություն տվեց անցում կատարել հակամարտության քաղաքական կարգավորման փուլ:
Նա նշել է, որ չնայած այդ պայմանագրի իրականացման գործընթացը խափանելուԱդրբեջանի քայլերին, այդ թվում՝ նախորդ տարվա ապրիլին ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններին, Հայաստանը, Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ շարունակում է ջանքեր գործադրել` ուղղված իրավիճակի կայունացմանը, ստեղծելով պայմաններ բանակցային գործընթացը առաջ տանելու համար, նպատակ ունենալով կոնֆլիկտը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով:
«Երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններով՝ ընդունված մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, ընդգծվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների նշանակալիությունը: Կողմերը հաստատել են ձգտումը` ուղղված դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, որը համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի արմատական շահերին և ձգտումներին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: