«Սպասում եմ ամսի 3-ին, որ վերջացած լինի այս ամբողջ մայմունությունը, որովհետև շատ փիս թատրոն է». Նիկոլայ Ծատուրյան
168.am-ը ՀՀ ԱԺ ընտրությունների շուրջ զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ:
– Պարոն Ծատուրյան, այսօր մեր երկրի համար շատ կարևոր իրադարձություն էր, որն արդեն ավարտվեց, և ժամեր անց մենք կիմանանք, թե ինչպիսի Ազգային ժողով է սպասվում մեր երկրին ու մեզ՝ առաջիկա տարիների համար: Դուք մասնակցեցի՞ք ընտրություններին:
– Չէ հա… ես երբեք չեմ մասնակցում ընտրություններին:
– Իսկապե՞ս երբեք չեք մասնակցում:
– Չէ:
– Չի՞ պատահել, որ առաջին ու վերջին անգամ մասնակցած լինեք, պարոն Ծատուրյան:
– Ասում եմ՝ չեմ մասնակցում, ասում է՝ առաջին ու վերջին…
– Անկախության ամենաառաջին ընտրությա՞նն էլ չեք մասնակցել:
– Միայն մի անգամ եմ մասնակցել, այն էլ, որովհետև մայրս խնդրեց, որ իրեն տանեմ, ու խնդրեց-աղաչեց, որ ընտրեմ, ես էլ բոլորի անունները ջնջեցի ու գցեցի տուփի մեջ:
– Բայց ինչո՞ւ այդքան դաժան, պարոն Ծատուրյան:
– Որովհետև չեմ հավատում էդ մայմունություններին:
– Իսկ ինչի՞ն եք հավատում:
– Ինձ եմ հավատում:
– Ես էլ եմ Ձեզ հավատում:
– Ապրես:
– Լավ, արդեն հասկացա, որ սկզբունքորեն ընտրություններին չեք մասնակցում, բայց գոնե հետևո՞ւմ եք ընտրությունների ընթացքին:
– Չէ, չեմ էլ նայում, սպասում եմ ամսի 3-ին, որ վերջացած լինի այս ամբողջ մայմունությունը, որովհետև շատ փիս թատրոն է:
– Չեք էլ ասի՝ ո՞ւմ էիք Դուք այնուամենայնիվ ուզում տեսնել նոր խորհրդարանում, որովհետև, ի վերջո, պե՞տք է լինի մեկը, որ կկառավարի այս երկիրը:
– Դե, կառավարում են, էլի, բայց եթե ոչ մեկն էլ չկառավարի, էս երկրի համար այնքան լավ կլինի…
– Լավ, էլ հարց չտա՞մ…
– Տո՛ւր էլի, խոսում ենք:
– Հասկացա, որ ձևից դժգոհ եք, բայց լուրջ մարդիկ էլ կան, չէ՞, որ նոր խորհրդարանի կազմում երկիրը ղեկավարելու հայտ են ներկայացրել:
– Հա՜…
– Որևէ մեկին չէի՞ք համակրում:
– Չէ: Ես մենակ մի բան գիտեմ՝ բոլորը ուզում են նստեն, որ լափեն, ուրիշ ոչ մի բան, դրա համար ընդհանրապես չեմ հետաքրքրվում, ով ուզում է՝ թող լինի: Մարդիկ պետք է փոխվեն, հասկանո՞ւմ ես, մարդիկ իրենք էությամբ պետք է փոխվեն, թե չէ, ով էլ ղեկավարի՝ մեկ է: Մենք պետք է մտածենք հայրենիքի մասին, ոչ թե էն 20 000 դրամի, որ էսօր կվերցնեն, 2 օր կուտեն ու 4 տարի նորից կդնեն ու կբողոքեն ղեկավարներից, թե վատն են… Ղալա՜թ եք անում: Դե չվերցնեիք ուրեմն… դրա համար եմ ասում՝ փոփոխությունները մեր ներսում պետք է լինեն, հետո նոր կգանք՝ ղեկավարներից կխոսենք:
– Ձեր ասածից հանգում եմ այն ճշմարտությանը, որ մենք արժանի ենք մեր թագավորներին…
– Բա ո՜նց… Դա ես չեմ ասել, խելոք մարդիկ են ասել՝ ամեն մի ազգ արժանի է իր թագավորին, ու ամեն մի թագավոր արժանի է իր ազգին: