Ապրիլյան պատերազմը իր ազդեցությունն է թողել մեր աշակերտների մասնագիտական կողմորոշման վրա. ռազմամարզական վարժարանի պետ
Կարծում եմ՝ վարժարանն ավարտած յուրաքանչյուր սան ունակ է ապագայում որպես սպա իր առջև դրված մարտական խնդիրը գերազանց կատարելու և հմտորեն ղեկավարելու այն ստորաբաժանումը, որի հրամանատարությունը կվերապահվի իրեն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը և հավելել, որ վարժարանում այժմ սովորում են 100-ից ավելի սաներ, որնցից 11-ը աղջիկներ են:
«Ընդհանուր առմամբ, վարժարանում սովորող սաների թիվը վերջին տարիներին աճում է: Օրինակ այս տարի ունեցել ենք 60-ից ավելի դիմորդներ (9-ը` աղջիկ)` նախորդ տարվա 25-ի դիմաց: Ապրիլյան պատերազմը, կարծես թե, իր ազդեցությունն է թողել ռազմական գործի նկատմամբ մեր աշակերտների մասնագիտական ապագա կողմորոշման վրա: Դրանում համոզվել ենք արդեն դասընթացի ընթացքում:
Անում ենք ամեն ինչ, որպեսզի ստանան որակյալ ուսում և դաստիարակություն: Փորձում ենք գրեթե միշտ պահել կապը ՊԲ բոլոր զորամասերի հետ և պարբերաբար այցելություններ ենք կատարում զորամասեր:
Տարեցտարի կատարելագործվում և արդիականացվում է նաև ռազմամարզական ուսումնամեթոդական բազան: Այժմ մեր սաները նաև հաճախում են մարզական և մշակութային նախասիրական խմբակներ:
Շրջանավարտներն, ուսումն ավարտելուց հետո, համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում, ըստ իրենց ընտրության, ուսումը կարող են շարունակել որևէ բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում: Իսկ եթե չցանկանան շարունակել այն ռազմական գծով, ապա կունենան ռազմական գիտելիքներ, որն էլ կօգտագործեն ժամկետային ծառայության ժամանակ».- ասել է Վ. Հակոբյանը:
Սանուհի Արփինե Ավանեսյանը այս տարի է ընդուվել վարժարան. «Ռազմական գործում լինելու ցանկությունս առաջացել է ապրիլյան պատերազմից հետո:
Իմ ապագան տեսնում եմ հայրենիքի պաշտպանության գործում»,- ասել է Ա. Ավանեսյանը:
Իսկ Էրիկ Խաչատրյանը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ սովորում է ռազմամարզական վարժարանում, հպարտությամբ է ասում, որ լինելու է հայրենիքի նվիրյալ պաշտպան. «Ընտանիքիս անդամները զինծառայողներ են, և ես առանց վարանելու նույնպես որոշել եմ լինել հայոց բանակի ապագա սպա: Ցանկանում եմ լինել մեր բանակի լավագույն հրամանատարներից, ով պատրաստ կլինի ամեն ինչի՝ հանուն իր զինվորների»:
Դեռ ուսման մեկ տարին չբոլորած սանուհի Սվետլանա Ասրյանը պատմում է, որ ինքը դեռ մանկուց է ցանկացել լինել բանակում. «Մենք այստեղ մեծ ընտանիք ենք: Բոլորս եկել ենք, որպեսզի նվիրվենք մեր հայրենիքին: Ուզում եմ վարժարանում ձեռք բերած իմ գիտելիքների շնորհիվ պետք գալ Արցախի պաշտպանությանը»:
Վարժարանի մեկ այլ սան Վազգեն Մարդանյանը ասում է, որ ինքը ուզում է շարժվել իր եղբոր ընտրած ճանապարհով. «Ավագ եղբայրս ևս սովորել է այստեղ և այժմ շարունակում է ուսումը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ես ևս ցանկանում եմ դառնալ ապագա սպա, որպեսզի զինվորների հետ մեկտեղ իրականցնեմ մեր սահմանների պաշտպանությունը»: