«Կսպասենք այսօրվա ավարտին». Րաֆֆի Հովհաննիսյան
Նորք-Մարաշում գտնվող 9/06 ընտրատեղամասում քիչ առաջ ընտրություն կատարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ քվեարկեց հանուն հայրենիքի, մեր հերոս տղաների և Հայաստանի վաղվա օրվա։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ արդեն ասել են՝ գործընթացը գտնվում է օրենքից, խաղից դուրս իրավիճակում. «Կսպասենք այսօրվա ավարտին, նաև արդյունքները կդիտարկենք, խախտումները թե՛ նախընտրական շրջանում, թե՛ այսօրվա ընթացքում տեղի են ունեցել և շարունակվում են, և այդ ահազանգերը կշարունակվեն, ամբողջական փաթեթով մենք կներկայացնենք հասարակությանը։ Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ, և այդ պայքարը պետք է տանենք բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով»։
Նա նշեց, որ այսօր տարբեր ահազանգեր կան, օրվա ավարտին կներկայացնեն համալիր մոտեցումը, սա իրավական Հայաստան ունենալու հերթական հանգրվանն է, պայքարը.
«Դուք գիտեք, թե ինչպես ենք դիտարկում անցյալ բոլոր ընտրությունները։ Հավանաբար այս անգամ քիչ կտարբերվեն մեր գնահատականները, բայց բոլոր դեպքերում մենք հույսով պիտի ապրենք մեր երկրում, որ վերջապես ունենք Հայաստանի Հանրապետություն, և ոչ թե՝ կուսակցապետություն»։
Հարցին՝ քննարկվե՞լ է՝ եթե ընտրախախտումներն էական լինեն, ինչ սցենար են տեսնում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ քննարկման մեջ են, կսպասեն՝ փակվեն ընտրատեղամասերը, լինեն նախնական արդյունքները, ըստ այդմ՝ կորոշեն, բայց հիմնականը պիտի որոշի ժողովուրդը՝ գո՞հ է արդյունքներից, թե՞ զգում է, որ հերթական անգամ իր սահմանադրական իրավունքն իրենից գողացել են։