ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անհաջողությունները՝ երաշխիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար
Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, նախկինում մտավախություն էիք հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը չի ստորագրվի։ Այժմ, երբ այդ փաստաթուղթն արդեն նախաստորագրված է, Ձեր մտավախությունը փարատվե՞լ է, և ի՞նչ կարելի է ակնկալել դրանից։
– Ես հիմա էլ ունեմ մտավախություններ, բայց ես հավատում եմ, որ այս անգամ ավելի հավանական է, որ մենք, ի վերջո, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վերջնական կստորագրենք։ Դա ոչ թե գալիս է նրանից, որ նախագահը հայտարարել էր և նորից հայտարարեց, որ նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ կստորագրվի, հավատում եմ ոչ միայն պաշտոնական Երևանի հայտարարության պատճառով, այլ մի պարզ պատճառով՝ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բերեց լուրջ բացասական էֆեկտներ։ Եթե ԵԱՏՄ-ին անդամակցությունն այդքան բացասական հետևանքներ չունենար, ես կասկած կունենայի՝ մենք կստորագրե՞նք, թե՞ ոչ։
Բայց դա բերեց լուրջ հետևանքների և, բառիս բուն իմաստով, մեր տնտեսությունը քանդվում է։ Մենք ստանձնեցինք պարտավորություններ, բայց զրկվեցինք իրավունքներից։ Այսօր մենք չենք կարող Իրանի հետ ազատ առևտուր անել, մենք չենք կարող Վրաստանի հետ լավացնել մեր առևտուրը։ Մենք դե յուրե դրա իրավունքը չունենք։ Այսինքն՝ պարտավորություն վերցրել ենք, բայց ոչ մի առավելություն չենք ստացել։ Վերին Լարսը փակ է, ազատ առևտուր չենք կարող անել Ռուսաստանի հետ, և այլն։ Ավելին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության այդ լրջագույն ու բացասական հետևանքներն օրեցօր ուժեղանում են։
Ես ընդամենը մի փաստ բերեմ՝ այսօր ԵԱՏՄ-ի խաղի կանոնները սահմանափակում են մեր առևտուրն Իրանի հետ, այդ թվում՝ նավթամթերքների մասով, մասնավորապես՝ կերոսին այլևս չենք կարող բերել Իրանից։ Եվ դա շատ բացասական ազդեցություն է ունենում, քանի որ ԵԱՏՄ-ից էլ ճանապարհը չի աշխատում, այստեղ էլ այն փակվում է։ Օրինակ՝ մոտ ժամանակներս ոչ միայն՝ իմ, այլ նաև՝ ձեր կաշվի վրա էլ կզգաք, թե ինչ է նշանակում, որ բանկային համակարգը քայլ առ քայլ տեղափոխվում է դեպի ԵԱՏՄ բանկային համակարգ՝ հերթեր և այլն։ Գլխավոր միտքս այն է, որ ԵԱՏՄ-ից եկող բացասականն այնքան ուժեղ է, որ իրոք վախեցրեց ՀՀ իշխանություններին և, ի պատիվ նրանց, իրենք ճկուն գտնվեցին ու նորից գնացին ԵՄ-ի հետ փաստաթուղթը ստորագրելու քայլին։ Այսինքն՝ անհաջողությունները ԵԱՏՄ-ում երաշխիք է, որ մեր իշխանությունները վերջնական կստորագրեն ԵՄ-ի հետ փաստաթուղթը։
– Բայց կառավարությունը խոստանում է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտին մինչև հոկտեմբեր կգործի։ Սա ավելի բարենպաստ իրավիճակ չի՞ ստեղծի մեզ համար։
– Իրանի հետ ազատ առևտրի գոտին կարող է գործել մի դեպքում՝ եթե Իրանը ԵԱՏՄ-ի շրջանակներում ինչ-որ փաստաթուղթ ստորագրի։ Որքանով տեղյակ եմ, այդ աշխատանքն իրականացվում է։ Եվ այն, որ այսօր պաշտոնական Երևանն ասում է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու հետ կապված առաջընթաց կլինի, դա միայն այն կոնտեքստով է, որ, այո, Իրանի հետ բանակցություններ գնում են ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Բայց առանց ԵԱՏՄ-ի՝ Իրանի հետ այդ գոտին չի կարող գործել։ Եվ ՀՀ կառավարությունը վստահորեն ասում է, որ դա այս տարի կլինի միայն այդ խորհրդակցությունների, բանակցությունների սկսվելուց հետո։ Այսինքն՝ դա միայն ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների շրջանակում է, հակառակ դեպքում միայն հայկական կողմը չի կարող նման համաձայնագիր ստորագրել։
– Տեսակետ կա, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևոր սկզբնակետ կլինի միջազգային ներդրողների ներգրավման, ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու համար։ Ձեր կարծիքով՝ դա իսկապես կարո՞ղ է ազդել, որ եվրոպական ներդրումներ հոսեն Հայաստան։
– Ակնհայտ է, որ կարող է։ Այդ ստորագրումից հետո մենք Եվրոպայի հետ համագործակցության նոր հիմք կունենանք։ Այդ հիմքը բավականին լավն է։ Այո, այդ հիմքը չի լինի այն խորությամբ, ինչ Ասոցացման համաձայնագիրն էր, բայց այնուամենայնիվ, կարևոր է, որ դա նոր իրավական հիմք է։ Դա նոր հնարավորություն է տալիս, որ ներդրումներն ավելանան։ Այստեղ վիճելու հարց չկա, բայց այստեղ պետք է հավելեմ, որ փաստաթուղթը ստորագրելուց և ճանապարհը բացվելուց հետո շատ կարևոր է նաև զուգահեռ ռեալ պայքար սկսել կոռուպցիայի, մենաշնորհների և օլիգարխիայի դեմ։ Միայն այդ դեպքում այդ ստորագրվածն ամբողջ ուժով կաշխատի։