Ֆրանսիայում առաջին անգամ ներկայացրել են Ռոդենի՝ նախկինում անհայտ աշխատանքը
Ֆրանսիայի հարավարեւմուտքի Պո քաղաքում առաջին անգամ հանրությանն է ներկայացվել աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենի (1840-1917 թթ.) նախկինում անհայտ աշխատանքը։
Այն 72-սանտիմետրանոց արձան է՝ «Ես գեղեցիկ եմ» անվանմամբ, որը, ինչպես կարծում են փորձագետները, 1885 թվականի գործ է:
Մասնագետները վստահ են, որ ստեղծագործությունը քանդակագործի կողմից կերտվել է «Գեղեցկություն» բանաստեղծության տպավորության ներքո, որը Շառլ Բոդլերի՝ այն տարիներին շատ տարածված «Չարի ծաղիկները» բանաստեղծությունների ժողովածուից է:
Կոմպոզիցիան ներառում է մերկ մկանուտ տղամարդու, որը ձեռքերով վեր է բարձրացրել գունդուկծիկ եղած մի կնոջ: Քանդակը շատ պատահական են գտել: Այն սկզբում պատկանում էր տարեց մի կնոջ, որն ապրում էր Պո քաղաքի ծերանոցների մեկում: 2013 թվականին վախճանվելուց հետո նրա բոլոր իրերը պահպանման համար հանձնվել են կահույքի տեղի մասնագիտացված պահեստին:
Այն բանից հետո, երբ պարզվել է, որ ազգականներից ոչ մեկն այդ պահին չի հայտնվել եւ չի հայտարարել իր իրավունքների մասին, այդ բոլոր իրերը 2016 թվականի ապրիլին փորձաքննության են տվել տեղի աճուրդների տան մասնագետներին:
Նրանք արձանի պատվանդանին հայտնաբերել են Ռոդենի հազիվ նկատվող ստորագրությունը: Հետագայում փորձաքննությունը գիպսի վրա հայտնաբերել է նաեւ վարպետի մատնահետքերը:
Անհայտ ստեղծագործությունը հանրությանը ներկայացվել է քանդակագործի մահվան 100-րդ տարելիցի տարում: Ռոդենի այդ աշխատանքը գնահատվում է 700 հազար եվրո: Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն արդեն այն հայտարարել է ազգային հարստություն, ինչն արգելում է երկրից դրա դուրս բերումը առաջիկա 30 ամսվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: