«Առանց կրակ ծուխ չի լինում». Արմեն Ռուստամյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատգամավորության թեկնածու, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս, որի ընթացքում դիտարկումներ և գնահատականներ հնչեցին նախընտրական գործընթացի և տարբեր իրադարձությունների շուրջ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի համակիր Սամվել Բաբայանի նախընտրական շրջանում ձերբակության խնդրին անդրադառնալով՝ Արմեն Ռուստամյանը նշում է.
«Մեր պատմության մեջ դրանից ավելի տխուր փորձ է արձանագրվել, երբ կուսակցոււթյուն է փակվել: Եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա ժամանակահատվածը՝ նախընտրական շրջանը, կապ չունի: Մարդը պետք է պատժվի: Սամվել Բաբայանին դեռևս ազատագրական պայքարի տարիներին մենք ճանաչել ենք լավագույն հատկանիշներով: Քանի դեռ ուժի մեջ մտած վճիռ չկա, ապա անմեղության վարկածով մարդուն չենք կարող մեղադրել, չնայած որ առանց կրակ ծուխ չի լինում, ուրեմն կարելի է ենթադրել, որ ծուխ կա, որի մանրամասները, սակայն, մենք չգիտենք: Դա ցույց կտա նախաքննության ընթացքը: Ես ունեմ առաջին ձեռքից ստացված ինֆորմացիա, սակայն չեմ կարող հրապարակել, որովհետև դա կարող է խոչընդոտ հանդիսանալ նախաքննության ընթացքի համար»:
«Տարօրինակ չե՞ն թվում արդյոք նախընտրական մեծ իրադարձություններից առաջ պարբերաբար տեղի ունեցող մեծամասշտաբ զենքի կիրառման օրինակները, այդ թվում՝ տարիներ առաջ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձը, կամ Նոր Նորքի զինված խմբի հարձակումը, այսօր արդեն «Իգլա» տեսակի զինամթերքի՝ մաքսանենգ ճանապարհով մուտքը դեպի Հայաստան, և առհասարակ քաղաքական մեծ իրադարձություններից առաջ այսօրինակ դեպքեր են արձանագրվում» հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանում է.
«Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, որը հետևյալն է՝ ընտրությունների միջոցով Հայաստանում շարունակաբար իշխանություն չի փոխվել:
Ընտրողը հիասթափված է ընտրություններից և դրա հետ կապված որևէ հույս չի կապում՝ չհասկանալով, որ այս ընտրությունները բովանդակային առումով իսկապես տարբերվում են նախորդներից: Արտաընտրական կամ հեղափոխական մեթոդների դրսևորումներ մենք, իհարկե, տեսել ենք՝ հրապարակային կոչերի, կամ, որ ավելի վատ է՝ զինված հարձակումների տեսքով, եղել են նաև արկածախնդրության հասնող տարբերակներ, բայց ականատեսն ենք եղել նաև այն իրականությանը, որ դրանցից որևէ մեկն իր վերջնական նպատակին այդպես էլ չի ծառայել, որովհետև խնդիրները եղել են հենց իրենց իսկ ներսում:
Իշխանությունների վերարտադրման մեխանիզմի գոյության պայմաններում այդ մեթոդներն անարդյունավետ են կիրառվել: Մենք այդ ամենն անցել ենք: Եթե այս ընտրություններից սկսյալ մենք ունենանք Ժողովրդավարական իշխանություն կառուցելու հնարավորություն, ապա հավատացեք՝ համակարգային խնդիրներն իրենց ճիշտ լուծումներն են ստանալու»: