
«Տարոն-Ավիա» ընկերության ավիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից

«Տարոն-Ավիա» ավիաընկերության ավիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից: Ուղևորները հնարավորություն կունենան, անկախ տոմսի գնից, առանց հավելավճարի ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը նշեց, որ 10 000 դրամը վերաբերում է բոլոր ուղղու թյուններին: «Ուղղակի այդ գնով տոմսերը լինելու են սահմանափակ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:
Ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանում տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության ակտիվացմանը: