Բաժիններ՝

«Ելք» դաշինքի առաջնորդներից ամենահարուստն Արամ Սարգսյանն է

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եկամտի աղբյուրները բավականին «դիվերսիֆիկացված» են։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած 1 տարում նա  ստացել է ընդհանուր առմամբ 8 մլն 356 հազար դրամ եկամուտ, որից՝ ԱԺ-ից՝ 5.9 մլն դրամ աշխատավարձ, 346 հազար դրամ գործուղման օրապահիկ, 1.2 մլն դրամ (ամսական 100 հազար դրամ) բնակվարձ, 600 հազար դրամ պատգամավորական գումար, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ից ստացալ է 25 հազար դրամ աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հ/կ-ից՝ 260 հազար դրամ աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։

Է.Մարուքյանը Վանաձորում ունի 1 բնակարան (51.54 քմ մակերեսով), 2007 թ.-ի արտադրության 1 ավտոմեքենա՝ Toyota Camry 2.0։ Նրա դրամական միջոցները փետրվարի վերջի դրությամբ կազմել են 2 մլն դրամ, 2000 դոլար և 20 եվրո։

Մարուքյանը 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իր չունի, նաև չունի արժեթուղթ կամ ներդրում որևէ ընկերությունում։

Դաշինքի ցուցակի երկրորդ տեղում առաջադրված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարագիրն ավելի «հարուստ» է։ Նա նշել է Արարատ գյուղում 1 հա հողամաս, 1994 թ. արտադրության 1 ավտոմեքենա Mesrcedes-Benz G360։ Նախկին վարչապետը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող արժեքով իրեր՝ 1 ժամացույց՝ 25 հազար դոլար արժեքով, գրիչների հավաքածու՝ 50 հազար դոլար, 16-րդ դարի ասեղնագործ նկար՝ 150 հազար դոլար։

Նա տարեկան 108 մլն դրամ եկամուտ է ստացել «Գալիք» ՍՊԸ-ից, որի 50% բաժնեմասի սեփականատերն է։ Ա.Սարգսյանը նաև 45% բաժնեմաս ունի՝ «Հատուկ ցեմենտ» ՍՊԸ-ում, և 25%՝ «Կավաշեն» ՍՊԸ-ում։ Սակայն այս 2 ընկերություններից ստացված եկամուտ Սարգսյանը չի նշել։

Պատգամավորության թեկնածուի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 10 մլն դրամ և 10 հազար դոլար։

Դաշինքի ցուցակի 3-րդ տեղում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարագիրն իր դաշնակիցների ունեցվածքի համեմատ ամենահամեստն է։ Նա չունի որևէ անշարժ գույք, 8 մլն դրամը գերազանցող արժեքով որևէ թանկարժեք իր, ինչպես նաև արժեթուղթ կամ ներդրում որևէ կազմակերպությունում։

Փաշինյանը հայտարարագրել է միայն 1 ավտոմեքենա՝ «Հունդայի Սոնատա 2011 թ.»։ Նա աշխատավարձ է ստացել միայն ԱԺ-ից՝ 6.4 մլն դրամ, իսկ դրամական միջոցներն ընդամենը 2500 դոլար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս