Կարեն Կարապետյանը վստահեցնում է` բարեփոխումների արդյունքում կունենանք զարգացող, ավանդույթներով ու համուհոտով պետություն

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախընտրական ծրագիրը գնահատում է որպես բարեփոխումների ծրագիր: «Մոսկվա» կինոթատրոնում Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը նշեց, որ 2017 թվականին կառավարությունն իր առջև դրել է հետևյալ խնդիրները` կառավարման սուբյեկտների ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումների սկիզբ և տնտեսական ցուցանիշների կայունացում:

«Չափազանց կարևոր է այս ամենը, որպեսզի հասկանանք մեր խնդիրները, նեղ տեղերը, բազային վիճակը և ըստ դրանց առաջարկենք լուծումներ: Ախտորոշումը ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում ունենք ժամանակակից կյանքի պահանջների, արդյունավետության պակաս, ինչը դրդում է մեզ բոլոր ոլորտներում իրականացնել բարեփոխումներ: Այդ առումով, մեր ծրագիրը կարելի է անվանել նաև բարեփոխումների ծրագիր, որովհետև յուրաքանչյուր ոլորտում, մեր թիմի պատկերացմամբ, կատարում ենք ֆունդամենտալ փոփոխություններ»,- ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Վարչապետը նշեց, որ ուսումնասիրելով ու վերլուծելով վերջին 20­30 տարիների ընթացքում արագ փոփոխվող երկրներում կատարված բարեփոխումները` հանգել են եզրակացության, որ դրանք ունեցել են երեք հայտանիշ:

«Դրանք, մեր կարծիքով, բնորոշ են նաև մեր բարեփոխումների ծրագրին: Այն հավակնոտ է և համարձակ, պրագմատիկ է և իրատեսական, դրանք իրականացնող թիմն ունի կամք և դիմադրության դեպքում` կոշտություն: Կարծում եմ, որ մեր ծրագիրն ու այն իրագործող թիմը բավարարում են այս երեք հայտանիշներին: Արդյունքում, մեր պատկերացմամբ, մենք կունենանք ժամանակակից, տրամաբանական զարգացող, աշխարհի համար հասկանալի, միևնույն ժամանակ, հայկական ավանդույթներով ու համուհոտով պետություն»,­- ասաց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս