Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխային փրկել են դեղորայքային բուժմամբ

Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել առանց վիրահատական միջամտության` դեղորայքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում` երեխային բուժող բժիշկ Գևորգ Թամամյանն ասաց, որ միջազգային գրականության մեջ սա ամենաերիտասարդ դեպքն է, երբ գանգի հիմի հսկաբջջային ուռուցքով երեխան ստացել է դեղորայքային բուժում: Աղջնակն անցած տարի ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա` ծայրահեղ ծանր վիճակում, երբ վիրահատական և ճառագայթային բուժումներն անարդյունավետ են եղել: «Սա յուրահատուկ կլինիկական դեպք էր: Երեխայի մոտ ուռուցքն այնպիսի տեղում էր, որ հնարավոր չէր ամբողջությամբ հեռացնել այն վիրահատության միջոցով»,-ասաց նա: Բժշկի խոսքով` Մոսկվայում կատարվել էր մասնակի ռեզեկցիա: Այնուհետև ուռուցքը սկսել էր աճել:

«Երբ երեխան ընդունվեց մեր կլինիկա, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, ոչ կարողանում էր սնվել, ոչ նորմալ խոսել և ոչ էլ քայլել, առկա էր շլություն: Վերջերս միջազգային գրականության մեջ նկարագրվել էին դեպքեր, հիմնականում մեծահասակների շրջանում, որ դենոսումաբ պրեպարատը խոստումնալից արդյունքներ էր տվել: Եվ մենք, ծնողների համաձայնությունը ստանալուց հետո, որոշեցինք սկսել բուժումը, քանզի հակառակ դեպքում կկորցնեինք երեխային: Դա բավականին ռիսկային էր մեզ համար ևս, որովհետև դեղաչափերը բավականին բարձր էին, և չգիտեինք, թե ինչ արդյունք կստանայինք, սակայն այլ ելք չկար»,-հավելեց նա:

Հենց առաջին ներարկումից հետո 14-ամյա աղջնակի վիճակը սկսեց բարելավվել, և մի քանի կուրս հետո նա արդեն դուրս գրվեց հիվանդանոցից: Այսօր երեխան վերադարձել է նորմալ կյանք, շլությունը վերացել է և սկսել է նորից դպրոց գնալ:

Իտալիայի հեղինակավոր Մանկաբուժության ամսագիրը եւս անդրադարձել էր հայաստանցի բժիշկների հրաշագործ աշխատանքին:

Տեսանյութեր

Լրահոս