Կվերանայվի մարզերում բնակվող բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների խնդիրը
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ խնդիրները: Առկա են հիմնավոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին բնակարանի հարցում պետական աջակցություն տրամադրելու խնդրին:
Նա Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն ուսումնասիրված և մարզերում տեղակայված անավարտ շինություններն ավարտին հասցնելու հստակ ու իրատեսական ժամանակացույց և այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու սոցիալական աջակցության տրամադրման առաջարկություն: Վարչապետը նաև հանձնարարեց մարզպետներին՝ համայնքների ղեկավարնեի հետ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյյալներ, իսկ ֆինանսերի, տնտեսական զագացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում, համատեղ քննարկելով և գնահատելով ռիսկերը, կարծիք ներկայացնել «Եկամտային հարկի մասին» օրենքով նախատեսված պետության կողմից բնակարանների ձեռք բերման հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները՝ ՀՀ մարզերում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանքիներին մարզերում բնակարան ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ: